«Ժառանգություն» կուսակցության կողմից մայիսի 21-ին հրավիրված քաղաքացիական համաժողովին ներկա էր նաեւ Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Նա վերջին կես տարում գրեթե չի երեւում ոչ մամուլի ասուլիսներում, ոչ էլ հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում: Տպավորություն է, թե ՄԱԿ նախագահը դադարել է քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ ինքնադրսեւորման այլ ոլորտ է գտել: Օգտվելով առիթից, որ Արսենյանը վերջապես դուրս է եկել պայմանական «ընդհատակից», NEWS.am-ը մի քանի հարց ուղղեց նրան:
Գալիք` 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, բոլոր քաղաքական ուժերը աշխուժություն են ցուցաբերում: Միավորված աշխատանքային կուսակցությունը, սակայն կարծեք ուխտի ականջում քնած լինի:Ի՞նչն է ձեր պասիվության պատճառը:
Մինչեւ հաջորդ ընտրությունները դեռ մի ամբողջ տարի կա: Այդ մի տարվա ընթացքում երկիր մոլորակում, մեր կյանքում այնքան բան կարող է տեղի ունենալ: Կգա նախընտրական քարոզչության ժամանակը, մենք մեր գործը կանենք: Պարտադիր չի չէ՞, որ քաղաքականությամբ մարդիկ զբաղվեն ամեն օր: Ես եւ իմ կուսակցական ընկերներն ապրում ենք մեր առօրյա կյանքով: Հիմա մեր ինչի՞ն է պետք, որպեսզի խառնվենք բոլորիդ աչքի առաջ սարքվող «քաղաքական վինեգրեդին»: Կգա ժամանակը, լուրջ մարդիկ լուրջ հայտարարություններով կկանգնեն հասարակության առջեւ:
Քաղաքական մի քանի ուժեր այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են: Խոսք կա, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հնարավոր է ՀԱԿ-ին այլընտրանք դաշինք ձեւավորվի: Հնարավո՞ր է` ՄԱԿ-ը նույնպես ներգրավվի նմանատիպ մի դաշինքում:
Այդ հարցը կորոշվի կուսացկության ներսում համապատասխան քննարկումներից հետո: Միայն այդ ժամանակ պարզ կդառնա` ՄԱԿ-ը ընտրություններին մասնակցում է կուսակցությունների դաշի՞նքով, միայնա՞կ, խորեոգրաֆիկ անսամբլո՞վ, թե՞ այլ կերպ:
Լավ, դուք ձեզ ապագա խորհրդարանում տեսնո՞ւմ եք:
Ով` ե՞ս: Դուք փորձեք տեսնել: Մենք պրոֆեսիոնալ եւ օգտակար մարդիկ ենք, որոնք պատրաստ են հասարակության դարդերին դարման անել: Մի բան էլ գործող խորհրդարանում չլինելը որեւէ կերպ չի ազդել ոչ մեր կենցաղի, ոչ բարեկեցության եւ ոչ էլ հոգեկան համակարգի վրա: Կարելի է ասել` հակառակն է տեղի ունեցել:
Թեեւ ընտրություններին մեկ տարի կա, սակայն արդեն խոսվում է ապագա խորհրդարանի կազմի մասին: Այդ խորհրդարանում, սակայն, ՄԱԿ-ը տեղ չունի: Սա ձեզ չի՞ վհատեցնում:
Հասկացեք հետեւյալը` Հայաստանի ԱԺ-ն ձեւավորվում է ՀՀ քաղաքացիների քվեարկության արդյունքներով: Նրանք կարող են իրենց քվեարկությամբ խառնել բոլորի խաղաքարտերն ու գծված սցենարները: Իհարկե, չի բացառվում, որ գործի այն սցենարը, որը նախապես գծագրվել է: Սակայն դրանից ոչ մեր նյութական բարեկեցությունը, ոչ էլ հոգեկան հավասարակշռությունը չի տուժի:
Պարոն Արսենյան, կարծում եմ` նաիվ չեք այնքան, որպեսզի հավատաք, թե խորհրդարանի կազմը բացառապես որոշվում է քաղաքացիների քվեարկության արդյունքներով:
Ես ընդհանրապես նաիվ մարդ չեմ, բայց մի հակափաստարկ բերեմ. Թունիսում էլ էին մտածում, որ վերջին 50 տարում երկրում իշխանությունը ոնց կա, այդպես էլ մնալու է: Եգիպտոսում էլ, Լիբիայում էլ…Ես կարող է շատ միամիտ լինեմ, բայց իրադարձությունները, այդ թվում եւ 2008 թվականի, ցույց են տալիս, որ անկախ իմ միամիտ լինելուց, հասարակական զարգացումներն ընթանում են իրենց տրամաբանությամբ: Միամիտ են իշխանության մեջ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը կարող են կիրառել այս անգամ էլ: Մենք անհրաժեշտության դեպքում կվիճարկենք այդ սկզբունքը:
Չե՞ք բացառում, որ ի պատասխան ձեր վիճարկման տեղի ունենա կոշտ հակազդեցություն, ինչպես տեղի ունեցավ նախկինում:
Մենք մեր կյանքում ամեն ինչի էլ պատրաստ ենք: Ի՞նչ ունենք մենք մեր կյանքում` բացի մեր պատվից ու արժանապատվությունից: Դրանք չեն սկսվում եւ ավարտվում մեր նյութական բարեկեցությամբ կամ մեր ինքնասիրությամբ: Պատվի ու արժանապատվության մեջ է մտնում նաեւ մեր սերը մեր հայրենիքի նկատմամբ: Մենք գիտակցում ենք, որ այն ուղին, որով գնում է երկիրը, փակուղի է մտնելու եւ մենք համապատասխան գործիքներով կպայքարենք դրա դեմ:
Զրուցեց Հեղինե Մանուկյանը




























