«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարում է, որ այսօր` մայիսի 23-ին ԱԺ-ում բացահայտորեն ոտնահարվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները եւ օրակարգում չի ընդգրկվել բացօթյա առեւտուրը կարգավորող «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը:
«ԱԺ նախագահությունը կոպտորեն խախտել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը, քանի որ մինչեւ նիստը` առավոտյան ժամը 11:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն էր տրվել «Ժառանգության» պատգամավորների եւ Վիկտոր Դալլաքյանի` այլեւս միավորված օրենսդրական նախաձեռնությանը:
Բացահայտ դեմ գնալով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հակաօրինական պահանջով ԱԺ նախագահողը ոչ միայն օրակարգ չի ներառել դրական եզրակացություն ստացած օրինագիծը, այլեւ առանձին քվեարկություն է կազմակերպել նախկին երկու օրինագծերի` օրակարգ ընդգրկել-չընդգրկելու հարցի կապակցությամբ»,- ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ:
«Ժառանգություն» խմբակցությունը տեղի ունեցածը որակել է իբրեւ բացահայտ ապօրինություն:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» պատգամավորների հեղինակած օրինագծով առաջարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների» մասին մայր օրենքում առեւտուր իրականացնողների ցանկում ավելացնել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց, ինչպիսին համարվում են բացօթյա առեւտուր իրականացնողները, ովքեր հնարավորություն կունենան օրինական հիմքերով վաճառել բույսեր ու բուսական արտադրանք, ինչպես նաեւ` մինչեւ յոթ կիլոգրամ քաշով ոչ պարենային ապրանքներ: Օրենքի նախագիծը պարտավորեցնում է համայնքների ղեկավարներին բացօթյա առեւտուր իրականացնողներին տրամադրել առնվազն 1-2 քառ. մետր տարածք` բացօթյա առեւտուրը պատշաճ կերպով կազմակերպելու համար, որի դիմաց նրանք վճարելու են պետական տուրք: Առաջարկվում է նաեւ շարժական ու ոչ շարժական սայլակների օգտագործումը, ինչը առկա է եվրոպական բազմաթիվ երկրներում: Առեւտրի եւ ծառայությունների մասին գործող օրենքը կարգավորում է մնացած հարցերը, ինչպես օրինակ` ապրանքների տեսքին, տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող պահանջները:



























