Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում հունիսի 20-ին տեղի ունեցած պտտահողմի հետեւանքների համար 3 ամիս անց դեռ փոխհատուցում  չեն տրամադրել կառավարությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի համայնքապետ Սենիկ Մարտիրոսյանը` հիշեցնելով, որ գյուղում պտտահողմի հասցրած վնասները կազմում են 38-40 մլն դրամի:

«Բոլոր տվյալները ներկայացրել ենք, սպասում ենք Կառավարության  որոշմանը: ԱԻն-ը եկել է, արձանագրել է վնասները: Միայն տանիքների հետ կապված նախնական 28 միլիոն դրամի վնաս է հասցվել: Գյուղացիները ամեն մեկը մի կերպ վերանորոգել է` վարկ վերցնելով, պարտքով, ոսկի գրավադրելով: Բայց դեռ հույս ունենք, որ Կառավարությունում լուծում կտան մեր խնդրին»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղանիստ գյուղում հունիսի 20-ի առավոտյան մոտ 15 րոպե տեւած պտտահողմի հետեւանով 70-80 տուն է վնասվել, մեծ թվով գերեզմանաքարեր, գյուղատնտեսական տեխնիկա, այգիներ եւ մշակաբույսերի ցանքատարածություններ: