Շիրակի մարզի կույրերի վարչության անդամները դժգոհ են իրենց վիճակից: Նրանք բողոքում են, որ արհամարհված ու անուշադրության են մատնված  իշխանությունների կողմից եւ «Կույրերի վարչության» ներկայացրած ծրագրերը մերժում են միայն նրա համար, որ ներկայացնողները կույր հաշմանդամ են: Շիրակի մարզի Կույրերի վարչության մշակույթի վարչության պետ Արա Ներսիսյանի խոսքով, կառավարությունն իրենց համար որեւէ ծրագիր չունի:

«Կառավարությունը չունի ծրագրեր, չի տրամադրում գումար, իսկ մեր բոլոր մտահղացումները մերժվում են: Բանկերը գումար չեն տալիս գործ սկսելու համար, անգամ գրավի դիմաց: Շիրակի մարզի Կույրերի վարչության հետ գործ բռնելը համարում են ռիսկային»,-ասել է Արա Ներսիսյանը`շարունակելով, որ կույրերը Գյումրիում մնացել են «քաոսի մեջ»:

«Ի՞նչ է, որ հաշմանդամ ենք իրավունք չունե՞նք ապրելու»,-ասել է Ներսիսյանը, իսկ Շիրակի մարզի կույրերի վարչության նախագահը դժգոհել է տեղի իշխանություններից` ասելով, որ 6 տարի շարունակ 400 հաշմանդամ կույրի անունից դիմում է գրել Գյումրիի քաղաքապետարան` խնդրելով բարեկարգել կույրերի միության դիմացի փողոցը, բայց փողոցը անբարեկարգ է մնացել: «6 տարի գրում եմ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, 6 տարի պատասխանում է` գումար չկա: Ինչպե՞ս կարող է պատահել: Մեկ օր պետք է այդ իշխանավորների աչքերը կապեն, որ իմանան ոնց ենք մենք ապրում»,-ասել է Շիրակի մարզի կույրերի վարչության նախագահ Ալբերտ Թորոսյանը: