«Որդուս հանիրավի դատապարտել են 11,5 տարվա ազատազրկման, մի բանի համար, որը չի կատարել: Եթե իսկապես նա մարդ սպանած լիներ, կասեի` թող գնա կորի, փթի բանտերում, ուրիշի կյանքը խլելու համար, բայց ես գիտեմ, որ իմ էրեխեն անմեղ է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սահակ Սահակյանի մայրը` տիկին Կարինեն, ում որդուն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետով եւ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Սպանվածը Գրիգոր Վլադիկի Պապյանն է, ում եւ Սահակ Սահակյանի միջեւ 2010 թվականի օգոստոսի 28-ին Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գտնվող սրճարանի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել: Ըստ Սահակյանի հարազատների` վիճաբանության առիթը եղել է այն, որ Գրիգորը, ով խմած է եղել, ինչ-որ անձանց հետ, մասնավորապես Գեւորգ եւ Ջորջ Թոսունյանի, Ժիրայր Արզումանյանի, վիճել է, որի ընթացքում բարձր ձայնով հայհոյել է: Սահակը, ով վիճաբանության վայրից մի քանի մետր հեռավորության վրա է եղել` «Toto» բուքմեյքերական ընկերության շենքի մոտ, ականատես է եղել վեճին: Նա մոտեցել է նրան ու առաջարկել չհայհոյել, քանի որ մոտակայքում կանայք եւ երեխաներ են եղել: Գրիգորն էլ, չենթարկվելով Սահակի պահանջին, սկսել է վիճել նաեւ նրա հետ, ինչի արդյունքում տեղի է ունեցել քաշքշուկ ու հրմշտոց: Վիճաբանության կողմերը շուտով բաժանվել են իրարից, Գրիգորը հեռացել է եւ մի որոշ ժամանակ անց կրկին վերադարձել նշված վայր:
«Էդ ժամանակ Սահակը` եղբայրս, արդեն այդտեղ չի եղել, քանի որ քեռիս ինսուլտ էր տարել, գնացել էր Հոկտեմբերյան` նրան տեսակցելու: Երբ Գրիգորը վերադառնում է իր հետ վեճի մեջ մտած մարդկանց հետ հաշիվներ պարզելու, որոնք մոտ 300 հոգի են եղել, նրանցից մի քանիսը սկսում են հարվածել Պապյանին: Ականատեսներն ասում են, որ վեճի մասնակիցներից մեկի` Գեւորգի ձեռքում դանակ է եղել, իսկ մյուսի` Էմիլի ձեռքին`«բալոնի կլյուչ», որով նրանք խփել են տուժողի գլխին»,-պատմեց մեղադրյալի եղբայրը` Արգամ Սահակյանը: Ըստ նրա` Պապյանը ստացած հարվածներից կորցնում է հավասարակշռությունը, վայր է ընկնում, գլուխը հարվածում մայթեզրին, եւ գլխին ստացած վնասվածքի հետեւանքով մահանում: Մեղադրյալի մայրն էլ`տիկին Կարինեն, պատմեց, որ գործով մոտ 40 վկա կա, որոնք նախաքննության ժամանակ եւ դատարանում պնդել են, որ Սահակը չի եղել Պապյանին սպանողը:
«Վկաներից մի քանիսին ծեծել են ոստիկանությունում, ստիպել են, որ ասեն, թե Սահակն է եղել խփողը: Վկաներից մեկին այնպես են խփել, որ նրա ականջի թմբկաթաղանթը պայթել է, իսկ մյուսները օրեր շարունակ ստացած վնասվածքների հետեւանքով հիվանդանոց են պառկել»,-պնդեց մայրը:
Նա նաեւ մի ուշագրավ դրվագ պատմեց: «Երբ տղաս Հոկտեմբերյանում է լինում, նրան զանգում ու ասում են, որ իրենց հարցնում են ոստիկանությունից: Նա շտապ վերադառնում է Քաջարան, եւ զանգահարում Սյունիքի միլպետին ու ասում` գա՞մ` ներկայանամ: Նա էլ ասում է`չէ, թող մնա վաղը կգաս: Հասարակ տրամաբանություն` եթե իմ որդին մարդ էր սպանել, ինչու են նրան միայն դեպքի հաջորդ օրը կանչել, եւ բացի այդ` մարդասպանը կդիմեր փախուստի, ոչ թե իր նախաձեռնությամբ կզանգեր ոստիկանություն ու կառաջարկեր ներկայանալ: Նա կարծել է, որ ինչպես վեճի մյուս մասնակիցներին, իրեն նույնպես կհարցաքննեն ու բաց կթողնեն: Սակայն օգտվելով առիթից, որ նա անհեր տղա է, նրա թիկունքին ոչ մի մարդ չկա, ու ծախող տղա չի, գործը ջարդում են նրա գլխին»: Սահակյանի հարազատները միաբերան պնդում են, որ իրական մեղավորները հովանավորներ ունեն վերեւներում: Մասնավորապես`Գեւորգ Թոսունյանի հայրը` Հակոբ Թոսունյանը, «Օրինաց երկիր» կուսակցության Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարն է, խանութներ ունի, եւ «տեղական նշանակության օլիգարխ է»: Ըստ խոսակցությունների` նրա վրայից պատասխնատվությունը հանելու հարցում մեծ ներդրում է ունեցել նաեւ այն ժամանակ ՀՀ Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը:
«Վեճի մյուս մասնակցի` Վիլենի հորեղբայրն էլ, ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Մյուսներն էլ ծանոթ-բաերկամներ ունեն ոստիկանությունում: Մի խոսքով, մեջների անտերը տղաս է եղել եւ իսկակակն մեղավորների փոխարեն ինքն է մեղադրյալի աթոռին նստած»,-պատմեց տիկին Կարինեն:
Սահակ Սահակյանի հարազատները պատմեցին նաեւ, որ նրա հետ բանտում վարվել են «սադիստի պես»: «Որդուս պահել են Գորիսի բերդի խցերից մեկում, որի պատուհանի ապակիրենրը ջարդած են եղել: Էրեխես ամբողջ ձմեռ անցկացրել է էդտեղ` առանց ադիալ, եւ երեք ամիս դեղնախտով տառապել»,-պատմեց մայրը: Նա նշեց նաեւ, որ գործով դատախազն ու Սյունիքի ոստիկանապետը նախաքննության ընթացքում Սահակին առաջարկում են իր վրա վերցնել մեղքը: «Մտնում են տղայիս մոտ ու ասում են` քո վրա վերցրու մեղքը, երեք տարի կձեւակերպենք, կասենք` իբր թե Գրիգորի ոտքը սոպ է տվել, ընկել-մահացել է: Տղաս էլ ասում է` ես նման կողտոտ բան չեմ անի»: Մեղադրյալի հարազատների խոսքով էլ` գործի քննության ընթացքում ուղղակի եւ անուղղակի մասնակցություն ունեցած պաշտոնատարները` Սյունիքի միլպետը, քննիչը, դատավորը, դատախազը իրական մեղավորների կողմից կաշառվել են. խոսքը գնում է մոտ 70 հազար ԱՄՆ դոլար կաշառքի մասին:
Տուժողի հարազատները պնդում են, որ ոստիկանները թերի են աշխատել ու սպանությունը բարդել մեկի վրա
Տուժողի հարազատներից Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց. «Մեզ հայտնի չի, թե ով է եղել սպանողը: Մենք ակնկալում ենք, որ դատարանը կբեկանի առաջին ատյանի դատարանի վճիռը, գործը կրկին կուղարկի նախաքննության եւ առանց կողմանպահության բոլոր մեղավորները կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց Արթուր Հովաննիսյանը: Ըստ նրա` վեճին մոտ 300 հոգի է մասնակցել, սակայն մեղադրում են 1 հոգու, բայց դա մի հոգու արած չի: Թոսունյան Գեւրիկից սկսած, բոլորը մեղավոր են` Վիլենը, Էմիլը եւ մյուսները: Բայց բուն կռիվը, ըստ քննիչի, սկսել է Գեւրիկից»,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա` դա ոստիկանների կողմնապահության, թերի, ոչ ճիշտ քննության արդյունքն է: «Փոքր քաղաք է, մեկը մեկին բարեկամ են, հոպար են, դա էլ ստիպում է աչք փակել շատ հանգամանքների վրա»,-ասաց Հովհաննիսյանը` չբացառելով, ր ոստիկանության վրա ինչ-ինչ ազդեցիկ մարդիկ ճնշում են բանեցրել` իրական մեղավորներին կոծկելու համար:
Գործով 40 վկաները պնդում են, որ մարդասպանը Սահակյանը չէ
Ս.Սահակյանի պաշտպան Հենրի Մաղաքյանն էլ ահա թե ինչ ասաց. «Մեղադրող կողմը որեւէ ապացույց չի ներկայացրել Սահակ Սահակյանի մեղքը հաստատելու համար: Նրա մեղքը չի հաստատվում ոչ միայն սպանության գործով, այլ նաեւ խուլիգանության: գործի նյութերով հիմնավորված է եւ մեղադրանքի որոշման մեջ էլ արծարծվում է, որ Սահակը հանգուցյալ Պապյանի խուլիգանական գործողությունները սաստող է հանդես եկել, եւ հետեւապես` խուլիգանություն անել չէր կարող: Եւ նա շահագրգռված չի եղել նրա մահվան հարցում: Կան այլ շահագրգիռ անձինք, որոնք էլ սկսել են կռիվը, սակայն նրանց ուղղությամբ քննություն չի իրականացվել: Մի խոսքով` առանց որեւէ ապացույցի իմ պաշտպանյալին մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ»,-նշեց պաշտպանը: Նրա խոսքով` գործում ներգրավված 40 վկաների ցուցմունքներով Ս. Սահակյանը չի եղել սպանություն կատարողը:
Դատախազը չէր տիրապետում գործի նյութերին
Տուժողի եւ մեղադրյալի հարազատները Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Այսօր` մայիսի 23-ին տեղի ունեցած դատական առաջին նիստը զավեշտ էր հիշեցնում: Դատախազ Ա. Հովսեփյանը (մականունը` Յաղու) հակասական պատասխաններ էր տալիս դատարանի հարցերին: Երբ դատարանը անդրադարձավ գործում առկա ցուցմունքերից մեկին, դատախազը անակնկալի եկավ ու հարցրեց. «Ո՞ց թե, նման ցուցմունք կա՞»: Դատարանը հետաձգեց դատական նիստը` դատախազին ժամանակ տալով, որպեսի վերջինս լիարժեք ծանոթանա գործի նյութերին: հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 2-ին:






Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Պատրաստեց Ելենա Գեւորգյանը




























