Ինչպես բոլոր նախորդ դեպքերում Ադրբեջանը իրեն պահեց որպես ոչ վստահելի քաղաքական պարտնյոր, նույնիսկ այս բանակցային գործընթացում եւ նրանից դուրս: Այս մասին այսօր` հոկտեմբերի  3-ին, ասաց Արցախ Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Որովհետեւ մի կողմից քարոզելով առարկայայկան բանակցություններ, բայց մյուս կողմից պատրաստվելով այսպիսի լայնածավալ ռազմական գործողությունների նշանակում է, որ այս մարդիկ ժամանակ էին շահում պատրաստվելու համար այն գործողություններին, որն այսօր շատ մեծ վտանգի տակ է դրել Արցախի բնակչությանը: Այսինքն Ադրբեջանի քաղաքական վարքագիծն ուրիշ է, նրանք կրկնօրինակում են Թուրքիային եւ շատ տարօրինակ է, որ որոշ մարդկանց համար թվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դեպքում կարող է լինել մեկ ազգ, երկու պետություն, իսկ մնացածների համար դա փակ է:

Իրենց գործողությունները ցույց են տալիս, որ էս քաղաքական դերակատարների համար իրենց գործողությունները բացառիկ են,  եւ սա նացիստական, ֆաշիստական գործելակերպ է, երբ դու քեզ ես բարձր տեսնում եւ քեզանից բացի ոչ մեկին չես տեսնում»,-ասաց նա:

Ղուլյանի խոսքով` այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն լսում երկրների կոչերը, ցույց է տալիս, որ նրանց համար փույթ չէ, քանի որ նրանք խախտում են նաեւ միջազգային պարտավորվածությունները:

Անդրադառնալով  Ռուսաստանից սպասումներին, Աշոտ Ղուլյանն ասաց. «Լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը փորձում է իր քաղաքական քայլերը տեղավորել հենց այս միջազգային միջնորդի պարտավորությունների շրջանակներում: Իմ անձնական կարծիքով` Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ, գործիքներ ունի ազդելու տարածաշրջանում, նաև, ինչո՞ւ չէ, Թուրքիային այդ նույն խաղաղությունը պարտադրելուն և մեր սպասելիքներն այդ ուղղությամբ են լինելու»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ Աշոտ Ղուլյանն ասաց .«Այստեղ մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի կարծիքով չպետք է առաջնորդվենք, այն տեղ ունի մեր օրակարգում և պետք է քննարկման առարկա դառնա: Բայց կարծում եմ՝ մեկ քայլ առաջ ենք գնացել, քանի որ ՀՀ ԱԺ-ի քննարկումը,  վարչապետի ասածը, ըստ որի՝ պետք է այդ հարցը լինի քննարկման առարկա, նշանակում է, որ տաբու չկա, բայց պետք է հաշվարկել այն բոլոր քայլերը, որոնք կարող են լինել միջազգային ճանաչումից հետո: Խոսքը պատերազմի մասին չէ, քանի որ պատերազմ արդեն կա, պարզապես պետք է հաշվի առնել, թե հաջորդ բանակցային գործընթացում ինչպիսի դիվիդենտներ կարող է բերել: Իմ անձնական կարծիքով՝ այս քայլը մեր ռեզերվում պետք է ունենալ, բայց այս օրերի համար»: