Երևանի Կենտրոն վարչական շրջանի  ղեկավար Գագիկ Գյանջումյանը պաշտոնանկ չի արվի: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, մեկնաբանելով այդ մասին մամուլի հրապարակումները: Նրա խոսքով, վարչական շրջանի ղեկավարը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով:

Նշենք, որ այսօր կայքերից մեկը լուր էր հրապարակել այն մասին, որ պաշտոնյան տեղյակ է իր պաշտոնանկության մասին եւ համաձայնել է դրան միայն մի պայմանով, որ իր որդուն` կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանին, նշանակեն Երեւանի  Թումանյան փողոցի վրա գտնվող Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն:

Շուշան Սարդարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Էդգար Գյանջումյանը մի քանի ամիս է, ինչ  նշանակված է այդ պաշտոնում եւ որեւէ կապ չունի այդ թեմայի հետ:

Հիշեցնենք,որ վերջերս հայաստանյան մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե թաղապետներն արդեն տեղյակ են իրենց սպասվող պաշտոնանկությունից եւ այս օրերին զբաղված են իրենց ապագան կարգավորելու գործով. նրանցից շատերը նպատակ ունեն առաջիկա ընտրություններին իրենց համայնքներից առաջադրվել մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորի թեկնածուներ:

Երեւանի քաղաքապետարանը հերքել է տեղեկությունները, թե Կարեն Կարապետյանը որոշել է հեռացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին եւ նրանց փոխարեն նշանակել բացառապես իր մերձավոր շրջապատի մարդկանց: