«Ժամանակ»-ը զրուցել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ տարվա ընթացքում նախագծի հովանավորները կփորձեն վերջնական պատասխան ստանալ ադրբեջանական կողմից Nabucco նախագծին մասնակցելու վերաբերյալ, եւ եթե Ադրբեջանի պատասխանը բացասական լինի, իրենք բանակցություններ կսկսեն Իրանի, Իրաքի ու Թուրքմենստանի հետ: Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում պատասխանը:

Ադրբեջանը այդ համաձայնությունը չի տալիս քաղաքական դրդապատճառներով եւ աշխատում է որքան հնարավոր է շատ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար: Ադրբեջանը հույս ունի այս ճանապարհով ճնշումներ գործադրել եւ ղարաբաղյան հարցում որոշակի զիջումների հասնել: Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանա զրկվել այս հնարավորությունից եւ տալ իր վերջնական համաձայնությունը Nabucco-ին մասնակցելու վերաբերյալ: Այստեղ եւս մեկ հարց կա` ցանկություն կա՞ Հայաստանը եւս Nabucco ծրագրում ընդգրկելու եւ այն տրանզիտային երկիր դարձնելու: Սակայն այս հարցը բարդ է, քանզի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորված չեն, իսկ Իրանը եւս որոշակիորեն մեկուսացման մեջ է գտնվում: Այնպես որ, այս հարցը եւս իրական չէ, եւ չեմ կարծում, որ մոտակա ապագայում Հայաստանը կդառնա էներգակիր փոխանցող երկիր:

2012թ. առաջին կեսին Ադրբեջանն ու Վրաստանը նախատեսում են շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը շրջանցում է Հայաստանը: Պարոն Կռիլով, Ձեր գնահատմամբ, Հայաստանի եւս մեկ անգամ մեկուսացումը, ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի վրա:

Այն, որ նախագծի ավարտի մասին ինչ-որ տարեթիվ են նշում, չեմ կարծում, որ իրական է: Այդ ամենը դեռեւս հայտարարություններ են, եւ նման հայտարարություններ առաջին անգամ չէ, որ հնչում են: Այստեղ եւս կա ֆինանսավորման խնդիրը, քանզի այսօր թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Թուրքիան բավականին խնդիրներ ունեն, եւ նախագիծն ավարտին հասցնելու նպատակները  դեռեւս հարցական են: Իհարկե, այդ ճանապարհով` Վրաստանով, կհեշտանա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կապը, սակայն էականորեն իրավիճակը տարածաշրջանում չի փոխվի:

Չեմ կարծում, որ այս երկաթուղու շահագործումը Հայաստանի համար դրամատիկական լինի, իհարկե` որոշակի բարդություններ կլինեն, սակայն չեմ կարծում, որ իրավիճակը կրիտիկական է: Այս ծրագրի նշանակությունը գիտակցաբար չափազանցվում է ուժերի դասավորման նպատակով: