Գյումրիում առեւտրային բանկերն արդեն մի քանի օր է` հրաժարվում են գյուղվարկեր տրամադրել 14 տոկոսով: Գյուղացիներին մերժում կամ հետ են դարձնում` պատճառաբանելով, որ գումար չունեն: «Հայաստանի հանրապետությունում գյուղվարկերի համար հատկացված ֆոնդը սպառված է, բանկերը գումար չունեն»,-NEWS.am-ի թղթակցին փոխանցել են «Ագբա կրեդիտ ագրիկոլ» բանկի Գյումրիի մասնաճյուղի հաշվապահները: Այն ամենամեծ թվով գյուղվարկեր տրամադրող բանկն է ամբողջ Շիրակի մարզում:

Առհասարակ գյուղացիները դժգոհ են մնացել գյուղվարկերի տրամադրման ընթացքից: «Երկու ամիս շարունակ վարկի մասին են խոսում, բայց վարկ վերցնել ոչ մեկին չի հաջողվել»,-ասել է Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանը` հավելելով, որ գրավ են պահանջում, բայց դա չի կարող լինել ոչ գյուղի տուն, ոչ անասուն, ոչ անսանագոմ: «Սուպերմարկետ կամ թանկարժեք մեքենա են պահանջում: Ասում եմ` 35 խոշոր եղջերավոր անասուն ունեմ, գրավ չեն ընդունում, տունս չեն ընդունում, հող չունեմ»,-դժգոհել է Կարմրաքարի բնակիչ Սուրեն Սարգսյանը, ում գյուղվարկ չեն տրամադրել ֆերման ընդարձակելու համար: