«Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունն իր արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցել է մեր սպասելիքները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերով, նախագահն իր քայլով ցույց տվեց Թուրքիային, թե որքան կարեւոր է Հայաստանի համար Սփյուռքի կարծիքը, եւ այժմ Անկարան չի կարող հույսեր փայփայել, թե Սփյուռքի կարծիքը հնարավոր է արհամարհել: Գալուստ Սահակյանի կարծիքով, հայկական ողջ Սփյուռքը միաձայն հանդես է գալիս Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին, տարաձայնությունները միայն այդ հարաբերությունների հաստատման ուղիների վերաբերյալ են:

«Սակայն ոչ Սփյուռքում, ոչ Հայաստանում չպետք է մոռանան, որ արտաքին քաղաքական ռազմավարության եւ պաշտոնական փաստաթղթերի ստորագրման առաջնությունը պատկանում է երկրի ղեկավարությանը: Իսկ ինչ վերաբերում է բողոքի զանգվածային գործողություններին, դրանք թե Սփյուռքում, թե Հայաստանում միայն օգնում են հայկական դիվանագիտությանը՝ ավելորդ անգամ ընդգծելով հայ ժողովրդի դիրքորոշումը: Իսկ նրանք, ովքեր փորձել են խանգարել Նախագահի համահայկական ուղեւորությանը, դավաճաններ եւ մարգինալներ են»,- հայտարարել է Սահակյանը՝ հավելելով, թե խորհրդարանում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց համարում իր այս խոսքերի հասցեատեր:

Միեւնույն ժամանակ հանրապետականը նկատեց, որ հարգանքով է վերաբերում այն անձանց եւ քաղաքական ուժերին, որոնք քաղաքակիրթ ձեւով են արտահայտում իրենց տեսակետը: Գալուստ Սահակյանը շեշտեց, որ, կատարելով իր համահայկական ուղեւորությունը, Սերժ Սարգսյանը բացարձակապես միտք չուներ Սփյուռքին ինչ-որ բանում համոզել, այլ միայն ցանկանում էր լսել նրա կարծիքը՝ հետագայում որոշակի դատողություններ անելու համար: «Նախագահը մեծ ուղի անցավ: Նա այսօր չէ, որ հայտնվել է քաղաքականության մեջ, եւ նպատակ չունի ինչ-որ մեկին բան ապացուցելու: Վերջիվերջո, փաստաթղթերի ստորագրումը իշխանությունների իրավունքն է, եւ որեւէ մեկը չի կարող խանգարել դրան»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք արձանագրությունների ստորագրումը պառակտում կմտցնի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, Գալուստ Սահակյանը նշեց. «Սփյուռքը պետություն չէ, եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միջպետական կամ պաշտոնական բնույթ չեն կրում, որ վատանան կամ լավանան: Դա միայն հայ համայնքների հարաբերությունն է Հայրենիքի հետ: Սփյուռքը երբեք չի կարող առանձնանալ Հայաստանից, քանի որ չի կարող ապրել առանց հայրենիքի: Հայաստանը Սփյուռքին անհրաժեշտ է այնքան, որքան Սփյուռքը Հայաստանին»: