Շիրակի մարզում զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմաններ չկան, որի պատճառով Հայաստանում հանգստացողներից  քչերն են նախընտրում Շիրակի մարզն ու Գյումրին:

«Հայաստանում 19-րդ դարի ճարտարապետությունը միայն Գյումրիում է պահպանված,այդ առումով Գյումրին աշխարհի 100 երկրների ցանկում է, սակայն կան ուրիշ խնդիրներ»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիում ներգնա տուրիզմի մենեջեր Արտուշ Դավթյանը: Ըստ նրա, պետական մոտեցումն է պակասում Գյումրիում, որպեսզի զարգանա տուրիզմը:

«Պետական մոտեցում ասելով, նկատի ունեմ ճանապարհները, լուսավորությունը: Նույնիսկ հասարակական զուգարաններ չկան, սա մեծ խնդիր է, որից դժգոհում են բոլորը: Գիշերային ժամերին զբոսաշրջիկները դուրս գալ չեն կարող, որովհետեւ նորմալ լուսավորություն չկա»,-ասել է մենեջերը: 

Ըստ Արտուշ Դավթյանի, Արփա լճի տարածքում կառուցվող Ազգային պարկի կառուցումն էլ պետք  է սկսեին ճանապարհներից, քանի որ էկոտուրիզմով հետաքրքրվողներ կան, սակայն նրանց էքսկուրսիա տանել  Արփա լճի տարածքում դժվար է` ենթակառուցվածքների պատճառով: