«Զատիկ» մանկատունը մինչեւ տարեվերջ կվերակազմավորվի եւ կդառնա Երեխաների աջակցության կենտրոն: Այս մասին մայիսի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:
Վերջերս լրատվամիջոցներում հրապարկվել էր «Զատիկ» մանկատան երեխաների խնդրանքը` չզրկել իրենց տնից: Երեխաները մտավախություն ունեն, որ մանկատան վերակազմավորվելու արդյունքում կհայտնվեն փողոցում:
«Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ ՄՆացականյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռեւս ծրագիրը որոշակի չէ, չեն պատկերացնում նոր իրավիճակը, բայց սեպտեմբերի 1-ից արդեն մանկատունը պետք է գործի նոր կանոնադրությամբ: «Դա իրենց համար մանկատուն չէ, հայրական տուն է, եւ բնականաբար, երբ համակարգում փոփոխություն են անում, հոգեբանական բարդություններ են առաջանում: Ձեւավորվում է նոր հաստատություն` նոր օրենքներով, նոր սկզբունքներով, թե ինչպես կլինի նրանց վիճակը, հայտնի չէ: Ես էլ մտահոգություն ունեմ, բայց դա բարձրաձայնել չեմ կարող, մինչեւ համակարգը լրիվ չհասկանամ»,- ասաց նա` անդրադառնալով երեխաների խնդրանքին:
«Զատիկը» վերակազմավորելու պատճառներից մեկը երեխաների քիչ թվաքանակն է: Նախկինում «Զատիկում» ապրում էր 140-150, իսկ այսօր` մոտ 50 երեխա, որոնց մեծ մասը մոտ է չափահաս դառնալուն: Աշոտ Մնացականյանի խոսքով` մանկատանը ապրող երեխաների թիվը նվազել է, քանի որ այնպիսի մեխանիզմներ են դրվել, որ մանկատանն ապրելու համար պետք է հատուկ կարգավիճակ ունենալ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխաների աջակցության կենտրոն առայժմ չկա, «Զատիկը» առաջինն է լինելու, բայց հետո նման կենտրոններ եւս կձեւավորվեն: Անդրադառնալով մանկատան եւ երեխաների աջակցության կենտրոնի տարբերություններին` Լալա Ղազարյանը նշեց, որ դրանք երկու տարբեր կառույցներ են, որոնք տարբեր ծառայություններ են մատուցելու: Երեխաների աջակցության կենտրոնը իրականացնելու է բազմապրոցես գործունեություն, որոշակի ծառայությունների փաթեթ, որոնք օգնելու են երեխաներին հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնց հետ բախվում են:
Նրա խոսքով` եթե մանկատունը կոչված է այդտեղ ապրող երեխաների համար, ապա աջակցության կենտրոնը պետք է կանխի երեխաների` մանկատանը հայտնվելը, դա հասցնի նվազագույնի: Մեկ հիմնական տարբերություն եւս. երեխաների աջակցության կենտրոնում երեխաները չեն գիշերելու, բայց նախարարությունից խոստանում են, որ այն երեխաները, որոնք գիշերելու տեղ չունեն, չեն մնա դրսում, որեւէ երեխա ուշադրությունից դուրս չի մնա:
Լալա Ղազարյանը նշեց նաեւ, որ Աշոտ Մնացականյանը շարունակելու է ղեկավարել կառույցը եւ երեխաների աջակցության կենտրոնում նոր հաստիքներ են բացվելու:
Այդուհանդերձ, այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղ են գիշերելու մանկատան երեխաները, երբ «Զատիկը» վերակազմավորվի:




























