Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Առաջին հանրապետության օրվա` մայիսի 28-ին կապակցությամբ:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում ասված է.
«Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին եւ շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով: Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի ոգորումից հետո կրկին ծածանվեց մեր պետականության դրոշը: Այսօր, գոհություն Աստծո, մեր Հայրենիքի ազատ ու խաղաղ եզերքներում մեր ժողովուրդը ջանքեր է բերում կյանքի կոչելու իր հույսերն ու ձեռքբերումները` կառուցելու շեն ու բարօր երկիր եւ վերածնված Հայրենիքի շուրջ համախմբված պահպանելու, զորացնելու եւ պայծառացնելու իր աշխարհասփյուռ ազգային կյանքը: Աղոթում ենք առ Աստված,որ շարունակական հաջողություններով ուղեկցվեն հայրենիքի բարգավաճման համար ներդրվող բարի ջանքերը, եւ աստվածասեր, ստեղծագործ Մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ապագան»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձում:
Հիշեցնենք, որ այսօր մայիսի 28-ն է եւ Հայաստանը նշում է Հանրապետության օրը` հայոց պետականության վերականգնման տոնը: 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը:
Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնել շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը; 1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:



























