Հայաստանի նախագահի նստավայրում այսօր` մայիսի 30-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Սերժ Սարգսյանը հանձնել է մրցանակներն ու շնորհավորել մրցանակակիրներին` ընդգծելով, որ նրանց գիտական եւ ստեղծագործական ձեռքբերումները, մեծ հաշվով, մեր երկրի ու ժողովրդի ձեռքբերումներն են: Իր շնորհավորական խոսքում Նախագահը, մասնավորապես, նշել է.

«Ինձ համար ակնհայտ է, որ մրցանակներն ավելի շատ պետք են ոչ թե ստացողներին, այլ Հայաստանի հանրությանը: Արժանավոր գործերի ու մարդկանց մասին մեր հասարակության լայն շերտերը պետք է իմանան առաջին հերթին բարձր գնահատականների շնորհիվ:

Մրցանակներով մենք, իբրեւ պետություն եւ հասարակություն, ի ցույց ենք դնում եւ վերահաստատում մեր չափանիշները, ակնկալիքները, արժեքային մեր համակարգը:

Մենք քաջ գիտակցում ենք, որ գիտնականը կամ արվեստագետը մրցանակ ստանում է կոնկրետ գործի համար, բայց որպեսզի նա այդ գործն անի, նրանից երբեմն պահանջվում է մի ամբողջ կյանք: Նա այդ թռիչքին մասնագիտորեն եւ հոգեբանորեն պատրաստվում է երկար ու ձիգ տարիներ, ապրում` որոնումների, հիասթափության ու ոգեւորության բազում պահեր:

Իհարկե, մենք այսօր ունենք երիտասարդ մրցանակակիրներ, որոնց համար նման շատ պահեր դեռ առջեւում են: Սրտանց շնորհավորելով մեր երիտասարդներին` կցանկանայի նրանց հիշեցնել, որ երիտասարդական մրցանակները ողջ աշխարհում, որպես կանոն, հույսի մրցանակներ են եւ ինչ-որ տեղ կանխավճար են այն գործերի համար, որ ապագայում նրանք կարող են եւ պետք է ստեղծեն: Այսուհետեւ դուք, որպես մրցանակակիրներ, լինելու եք ավելի մեծ ուշադրության կենտրոնում, իսկ դա ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն: Պետք է նաեւ նշեմ, որ ուրախ եմ, որ Հանրապետության Նախագահի մրցանակի երկարամյա բարեկամ «Պողոսյան» հիմնադրամն այսօր ներկայացված է այդ ընտանիքի երիտասարդ սերնդով եւ ուզում եմ ողջունել Ռոբերտո Պողոսյանին՝ որպես իր ավագ սերնդի գործն արժանապատվորեն շարունակողի:

Ժամանակի սղությունն ինձ հնարավորություն չի տալիս մեկ առ մեկ նշել մրցանակի արժանացած բոլոր գործերի ու նրանց հեղինակների արժանիքները, բայց նաեւ չեմ կարող հատուկ չանդրադառնալ քաղաքական կարեւորություն եւ հնչեղություն ունեցող գործերին: Խոսքս հատկապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված եւ ժխտողականությանը հիմնավոր հակահարված տվող աշխատանքների` միջազգային մեծ ճանաչում ունեցող ցեղասպանագետ Իսրայել Չերնիի գործունեության, Ռեյմոն Գեւորգյանի` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության եւ Արգամ Այվազյանի «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի մասին է:

Սիրելի՛ արվեստագետներ եւ գիտնականներ,

Մենք ուրախ ենք ձեր հաջողությունների համար, մենք հպարտ ենք դրանցով: Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում նոր նվաճումներ:

Նախ եւ առաջ ձեզնով է, որ մենք այսօր ապրող, զարգացող ժամանակակից ժողովուրդ ենք եւ ձեզնով ու ձեր գործերով օր օրի, կաթիլ-կաթիլ դառնալու ենք ավելի լավը»:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գեւորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար եւ Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաեւ ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն եւ արժեքավոր հետազոտությունների համար,
  բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին Գրիգորյանը եւ Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ եւ Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,
 տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն Թերզյանը`  «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ եւ լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,
 արվեստի բնագավառում՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,
բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի եւ տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար.
 գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.
հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:

ՀՀ նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար եւ Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար:

Գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-...-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար եւ Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար: