Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
«Մենք ի գիտություն ենք ընդունել այս համաձայնագիրը եւ ներկայումս ուսումնասիրում ենք դրա պայմաններն ու հետեւանքները: Ակնկալվում է, որ պարզաբանումներ կտրվեն` դրանց ազդեցությունը գնահատելու համար:
Ռազմական գործողությունների ավարտը շատ կարեւոր է: Անցած մի քանի շաբաթվա ընթացքում կողմերը բազմիցս ստանձնել են այս պարտավորությունը, եւ մենք հավատարիմ ենք մնում ենք այդ առաջնահերթությանը Մինսկի խմբի համանախագահության ներքո: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կկատարի իր ստանձնած պարտավորությունները եւ անմիջապես կդադարեցնի հարձակումը: Այս կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այս առանցքային առաջնահերթությանը:
Այս դժվար պահին Ֆրանսիան վերահաստատում է իր անկեղծ բարեկամությունը հայ ժողովրդի հետ` Հայաստանի հետ մեր սերտ մարդկային, մշակութային եւ պատմական կապերի լույսի ներքո: Այս ողբերգական պայմաններում մենք աջակցում ենք նրան: Մասնավորապես, մենք աշխատելու ենք` անհրաժեշտ մարդասիրական աջակցության ապահովման համար: Իսկապես, բնակչության տեղահանությունից եւ ռազմական գործողություններից բխող իրավիճակը լուրջ հումանիտար հետեւանքներ ունեցավ:
Վերջին շաբաթներին Ֆրանսիան մոբիլիզացրել է իր ջանքերը` քաղաքացիական հասարակության մեծ թվով նախաձեռնությունների միջոցով: Ֆրանսիայի իշխանություններն այս նախաձեռնություններին մասնակցում են բժշկական օգնությամբ, որը Երեւան է ժամանել անցյալ շաբաթվա վերջին եւ վիրաբույժների թիմեր է ընդգրկել, որոնք մասնագիտացած են հակամարտության զոհերի բուժման մեջ: Հայաստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ առաջիկա օրերին այլ նախաձեռնություններ եւս կձեռնարկվեն:
Վերջապես, կողմերի միջեւ հակամարտության տեւական լուծման շուրջ բանակցությունների վերսկսումը երեկ հայտարարված հրադադարից հետո անհրաժեշտ է մնում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան ակտիվորեն կմասնակցի այդ ջանքերին: Երկու կողմերի բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղման: Դրանք պետք է թույլ տան, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում տեղահանված մարդիկ վերադառնան, եւ որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մեջ:





























