Հայաստանում չափանիշներ եւ չափորոշիչներ են խախտվել եւ որոշ գործիչների համար փառատոնների մասնակցելը դարձել է ինքնաբավ եւ ինքնանպատակ: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Լեւոն Մութաֆյան: Ասուլիսի մյուս բանախոսը`գրականագետ, թատերագետ Նվարդ Ասատրյանն էլ նշեց, որ դրա պատճառը թատերական համքարությունների անմիաբանությունն է: Նրա խոսքով, նաեւ մասնագիտական որակի խնդիր կա, իսկ մասնագիտական դաշտի անապատացումը գալիս է մշակութային կրթության թերարժեքությունից:
Բանն այն է, որ այսօր Հայաստանում անցկացվում են բազմաթիվ թատերական փառատոններ: Թատերագետ Մութաֆյանն նշեց, որ յուրաքանչյուր փառատոն պետք է ունենա իր գաղափարախոսությունը, մինչդեռ մենք գաղափարախոսության հարցում ունենք լուրջ թերացումներ:
«Մի երկրում, երբ նախագահից սկսած` թատրոն չեն սիրում եւ չեն հասկանում, մի երկրում, ուր ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի խայտառակ գավառային համերգը համարում են ազգային հպարտություն եւ ազգային ձեռքբերում, մի երկրում, ուր թատերավեստի մեծագույն եւ նշանավոր գործիչները գտնվում են մոռացության մեջ, իսկ ղարաբաղյան ծագմամբ մեկը, որ փչացնում է շոու դաշտը, արժանանում է ժողովրդական արտիստի կոչմանը, Արթուր Գրիգորյանի մասին է խոսքը, չեմ կարող թաքցնել, ի՞նչ ժողովրդական արտիստի մասին է խոսքը, երբ մենք այդ թատերական փառատոնների արդյունքում տեսանք փառահեղ մարդիկ` փառահեղ կենսագրությամբ, մինչդեռ նրանք վաստակավոր կոչում էլ չունեն, 40-50 հազար դրամով են աշխատում»,- ասաց Լեւոն Մութաֆյանը:



























