«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, ՀՀԿ-ական, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այս օրերին «երկխոսում» է իշխանությունների, ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանի հետ: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Գագիկ Բեգլարյանը փորձել է Սերժ Սարգսյանին հասկացնել, որ ինքն այնքան էլ դեմ չի լինի առաջիկայում կայանալիք ընտրություններին մասնակցել համամասնական ընտրակարգով, այսինքն` ցուցակով: Եվ քանի որ Գագիկ Բեգլարյանը դեռեւս չի լքել Հանրապետականի շարքերը, ուստի Բեգլարյանը ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալու հավակնությունը, բնականաբար, կարող է ցուցաբերել եւ ցուցաբերել է:

Սակայն, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այնքան էլ հակված չէ Գագիկ Բեգլարյանին ցուցակով պատգամավոր դարձնելուն:

Հակառակը` Սարգսյանը խորհուրդ է տվել Բեգլարյանին մասնակցել մեծամասնական ընտրակարգով եւ առաջադրվել Կենտրոն համայնքն ընդգրկող տեղամասերից մեկում: Սերժ Սարգսյանի այս խորհուրդը` Բեգլարյանին մեծամասնական ընտրակարգով առաջադարված տեսնելու, այնքան էլ անկեղծ չէ: Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն այսպիսով ուզում է փակել Գագիկ Բեգլրայանի` քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու հարցը: Ասում են, որ Բեգլարյան մեծամասնական թեկնածուի դեմ ակտիվորեն աշխատելու է հենց Սերժ Սարգսյանը` նրան չթողնելով որեւէ կերպ հավաքել պատգամավորի համար անհրաժեշտ քվեները: Արդյունքում` Գագիկ Բեգլարյանը չի ընտրվելու, իսկ Սերժ Սարգսյանը եւ վերջնականապես նրանից է ազատվելու, եւ ձեւ է բռնելու, թե ապահովել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը: