Այսօր` այիսի 31-ին Վանաձորի ավտոկայանում կրկին բացակայում են Վանաձոր-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսները:
Վանաձորցիները Երեւան մեկնելու հնարավորություն ունեն անհատական երթուղային տաքսիներով՝ վճարելով նախատեսված 2000 դրամի փոխարեն 2500 դրամ:
Ավտոկայանում հավաքված մարդիկ նշում են, որ այսօր՝ մինչեւ ժամը 17:00-ն, միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երեւանում հանրահավաք է:
Ավտոկայանում է նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով հեռախոսով իրավիճակը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին՝ իրավիճակի շուտափույթ լուծման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքների ներկայացուցչություններից եւս տեղեկացնում են, որ Երեւան մեկնելն անհնար է նաեւ մարզի նշված քաղաքներից:
Ի հավելումն նշենք, որ առաջին միկրոավտոբուսը Վանաձորի ավտոկայանում կայանել է ժամը 12:45 րոպեին:




























