Հանրապետական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ողջունում է ՀԱԿ-ին` ընտրած քաղաքակիրթ պայքարի նոր ուղու կապակցությամբ: Ըստ նրա, ընդդիմությունը բարձրացել է քաղաքական ճիշտ հարթակի վրա, եւ իշխանություն-ընդդիմություն երկխոսությամբ կհաստատվի քաղաքական ճշգրիտ բալանս: Սուքիաս Ավետիսյանի խոսքով, իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը ծավալվելու է ընտրությունների շուրջ: «Ցանկացած երկխոսություն տանելու է այդ թեմային`ընտրություններին, որպեսզի կարողանանք ապագայի ընտրություններն անցկացնել արդար ու թափանցիկ»,-ասել է Սուքիաս Ավետիսյանը, մասնավորեցնելով, որ խոսքը հերթական ընտրությունների մասին է:
«Ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին է խոսքը, մեր կառավարությունը այնքան փողեր չունի, որ ամեն անգամ արտահերթ ընտրություններ դնի, լարվածություն առաջացնի: Մեկ տարի հետո ընտրություններ է»,-ասել է հանրապետական պատգամավորը:
Նա խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի ազատ արձակումից, նշելով, որ դա ոչ թե ընդդիմության պահանջի, այլ Սերժ Սարգսյանի մարդասիրության արդյունք է: «Ոչ մի պահանջ էլ չի կատարվել: Ի՞նչ պահանջ, մենք քաղբանտարկյալ չենք ունեցել, որ պահանջել են քաղբանտարկյալների ազատ արձակում: Հա, ընդդիմության կողմից ինչ-որ պահանջներ եղել են, բայց կոնկրետ այդ անձանց ազատ արձակումը համաներման հետեւանք է: 1200-1300 բանտարկյալ է ազատ արձակվել: Այդ մարդիկ էլ համաներման տակ են ընկել»,-ասել է Սուքիաս Ավետիսյանը:
Նշենք, որ ըստ արդարադատության նախարարության, համաներմամբ ազատ պետք է արձակվի 396 դատապարտյալ:




























