Հրաժարվելով Լեհաստանում ու Չեխիայում Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայման ծրագրերից, ԱՄՆ-ը հայտարարել է, որ որպես Ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման հնարավոր վայր է դիտարկում Ուկրաինան։ Այս մասին լրագրողներին է հայտարարել Միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական, ՌԴ-ու ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն, որը նախատեսում է այց կատարել Վրաստան։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Օբամայի վարչակազմը շարունակում է բոլոր մակարդակներում ընդգծել իր շահագրգռվածությունը ՀՀՊ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության հարցում։ Այդ կապակցությամբ Վերշբոուն նշել է, որ ԱՄՆ-ը նախկին պայմանավորվածությունների կատարման հույս ունի, մասնավորապես, որոնք վերաբերում են Մոսկվայում «Տվյալների փոխանակման կենտրոնի» ստեղծմանը։ Ինչպես ավելի վաղ բազմիցս նշել է ամերիկյան կողմը, նման կենտրոնի ստեղծման ջանքերն առաջ չեն շարժվել հարկերի ու իրավաբանական պատասխանատվության հարցերում եղած տարաձայնությունների պատճառով։

Վերշբոուն նշել է, որ ի սկզբանե Մոսկվայում «էյֆորիա» էր նկատվում Լեհաստանում հակահրթիռային համակարգերի եւ Չեխիայում ՀՀՊ ռադարի տեղակայման ծրագրերից Օբամայի վարչակազմի հրաժարվելու կապակցությամբ։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանի պաշտոնատար անձինք գիտակցեցին, որ նոր ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի սահմանների մոտ ծավալել «Իջիս» զենիթա-հրթիռային համակարգերով հագեցած հրթիռների ու նավերի առավել մեծ քանակություն։ «Ես կարծում եմ, որ „երանության վիճակը“ անցնում է»,- հավելել է նա։