Այսօր, հոկտեմբերի 9-ին Քիշնեւում մեկնարկում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների գագաթնաժողովը։ Մոլդովայի մայրաքաղաքում են արդեն ԱՊՀ շատ անդամ-երկրների նախագահներ։ Այն մասին, որ Քիշնեւը լիովին պատրաստ է գագաթնաժողովին, այսօր հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ, պետության ղեկավարի պարտականությունները կատարող Միխայ Գիմպուն։ Ըստ նրա, միջոցառման անվտանգությունն ապահովելու է Քիշնեւի ոստիկանության անձնակազմի 30%-ը։ Արդեն նախօրեին երթեւեկությունը քաղաքի կենտրոնում փակվել է։ Գագաթնաժողովի անցկացման շրջան քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա։
Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին արդեն հայտնել են Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահները. այդ երկրները գագաթնաժողովում ներկայացված կլինեն կառավարության ղեկավարների մակարդակով։
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են երկկողմ մի շարք հանդիպումներ, մասնավորապես հաղորդվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այսօր նախատեսված բանակցությունների մասին։ Այստեղ նա կհանդիպի Մոլդովայի ղեկավարի պարտականությունները կատարող Միխայ Գիմպի հետ, ինչպես նաեւ եռակողմ հանդիպում կունենա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ։
Գագաթնաժողովում քննարկման հիմնական թեմաները կլինեն ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման շուրջ միջոցառումները։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի քիշնեւյան նիստի օրակարգում են նաեւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային որոշ համաժողովների նախապատրաստման հարցերը. դրանք են՝ ինտեգրացիոն գործընթացների խորացումը հումանիտար, անվտանգության ապահովման եւ այլ ոլորտներում։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալների համաձայն, նախագահների հաստատմանն է ներկայացվելու ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության աշխուժացմանը վերաբերող փաստաթղթերի մոտ 20 տասնյակ նախագծեր։
Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների Քիշնեւի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոլդովայի մայրաքաղաք է մեկնել հոկտեմբերի 8-ին։




























