Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը հերքել է այն լուրերը, թե թուրքական Բուրսա քաղաքում հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղի ժամանակ արգելվել է մարզադաշտում կախել Ադրբեջանի դրոշը,- հաղորդում է թուրքական «Զաման»-ը։

Թուրք դիվանագետը ստիպված է եղել հանդես գալ նման հայտարարությամբ ի պատասխան վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված համապատասխան լուրերի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիների բողոքների։

«Դա մաքուր ֆուտբոլ է, այստեղ ոչ մի քաղաքականություն չկա. այն այստեղ տեղին չէ»,- հայտարարել է դեսպանը։

Պարբերականը նշում է, որ Բուրսայի ոստիկանությունը լավ է պատրաստվել խաղին եւ թույլ չի տա բախումներ մրցակիցների մարզասերների միջեւ։ Այդ օրը ներգրավված կլինեն շուրջ 2000 իրավապահներ։