ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Ջորջիայի հանրապետական նահանգապետ Բրայան Քեմփի վրա՝ փորձելով չեղարկել նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, հաղորդում է BBC-ն:
Թվիթերում Թրամփը կոչ է արել Քեմփին այդ կապակցությամբ հատուկ նիստ գումարել նահանգի օրենսդիր մարմնում:
Մի քանի ժամ անց Թրամփն իր քարոզարշավի հետ Ջորջիայում հանրահավաք էր անցկացրել Սենատում առաջիկա ընտրությունների առնչությամբ: Ջորջիան վերածվել էր քաղաքական պայքարի հիմնական մարտադաշտի, իսկ նահանգում Ջո Բայդենի հաղթանակը դեմոկրատների առաջին հաղթանակն էր 1992 թվականից ի վեր:
Ներկայում նահանգը գտնվում է Սենատի նկատմամբ վերահսկողություն սահմանելու լարված քաղաքական պայքարի կենտրոնում: Եթե այնտեղ դեմոկրատները հաղթանակ տանեն հունվարին՝ ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ, հանրապետականները կկորցնեն հսկողությունը վերին պալատի նկատմամբ:
Washington Post-ի հաղորդամամբ՝ Թրամփը զանգահարել էր Քեմփին շաբաթ առավոտյան եւ խնդրել նրան պահանջել քվեաթերթիկների վերահաշվարկ: Պարբերականը նշում է, որ նահանգապետը մերժել էր ԱՄՆ նախագահի դիմումը, քանի որ լիազորված չէ այդպիսի որոշումներ կայացնել:
Այնուհետեւ Թրամփը գրել էր մի շարք թվիթեր, որոնցում հարց էր տվել, թե ինչու է Բրայան Քեմփը մերժել նրան, որից հետո Ջորջիայում հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփը կրկին թիրախավորել էր Քեմփին՝ հայտարարելով, որ Ջորջիայի նահանգապետը պետք է «շատ ավելի կոշտ լինի»:





























