Կիրակի Վենեսուելայում անցկացվում են համընդհանուր ընտրություններ: Երկրում ձայնի իրավունք ունեցող 20.7 մլն քաղաքացիները պետք է ընտրեն Ազգային ժողովի նոր կազմի 277 պատգամավոր: Այդ տեղերի համար պայքարում է 14.4 հազար թեկնածու, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 7:00-ին եւ կաշխատեն մինչեւ 18:00-ը: Իշխանությունների որոշմամբ՝ որոշ ընտրատեղամասերի աշխատանքը կերակարաձգվի:

Նոր պատգամավորական կորպուսը պետք է սկսի աշխատանքը հունվարի 5-ին:

Ընտրություններին կմասնակցեն 107 տարբեր կուսակցությունների եւ շարժումների ներկայացուցիչներ, որոնք միավորվել են հինգ խոշոր դաշինքներում: Միեւնույն ժամանակ 25 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, հայտարարել են, որ կբոյկոտեն այդ ընտրությունները անհրաժեշտ պայմանների բացակայության եւ այդ առնչությամբ կեղծումների կապակցությամբ: Դրա փոխարեն նրանք մտադիր են սոցցանցերում դեկտեմբերի 7-12-ը ժողովրդական հանրաքվե անցկացներ, որով կարտահայտեն անվստահությունը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ:

Այդ ընտրությունների իրավասության վերաբերյալ կասկածներ են հայտնում ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների մեծամասնությունում: Այնտեղ նշում են, որ դրանք չեն լինի ազնիվ, ազատ եւ չեն կարողանա նպաստել տնտեսական ու քաղաքական ճգնաժամի կարգավորմանը, որում արդեն երկար ժամանակ գտնվում է երկիրը: