Հայաստանը պետք է թարմացնի Ռուսաստանի հետ անվտանգության միասնական գոտու շուրջ համաձայնագրերը: Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ անվտանգության վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրերը նախատեսում են, որ Հայաստանի տարածքը, անվտանգության ապահովման տեսանկյունից, հավասարեցված է ռուսականին: «Հետեւաբար, մենք պետք է թարմացնենք այս պայմանագրերը եւ վերակնքենք դրանք՝ մեր անվտանգությունն ուժեղացնելու համար: Ցավոք, անվտանգության ապահովման խնդիրներին պատշաճ ուշադրություն չի դարձվել, եւ որ ամենավատն է՝ անհնար է եղել իմանալ գործերի իրական վիճակի մասին»,- ընդգծեց Մարուքյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ 2020 թվականի հունվարին իր խմբակցությունն առաջարկել էր փակ լսումներ անցկացնել պաշտպանության եւ ազգային անվտանգության գերատեսչությունների ղեկավարների հետ: Նման հանդիպումներ են տեղի ունեցել պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության պետի, հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի, ոստիկանապետի հետ: «Մենք նրանց հարցեր տվեցինք փորձագիտական համայնքի, այդ թվում` գնված Սու-30 կործանիչների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարն այնպես պատասխանեց, որ մենք անհարմար զգացինք մեր հարցի համար: Եթե պատերազմ սկսվի, ապա թշնամուն հողին կհավասարեցնեն,- հավաստիացրեց նա մեզ: Նույնն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նա մեզ հավաստիացրեց, որ Հայաստանում ստեղծվում են հակառակորդի հակազդեցության նոր համակարգեր»,- ասաց Մարուքյանը: Այժմ, հավելեց նա, Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը չի կարող չեղարկվել, քանի որ դա հղի է նոր պատերազմով: Բոլորը, ովքեր կողմ են դրան, ըստ քաղաքական գործչի, պետք է հիմնավորեն, թե ինչպես է Հայաստանը պատերազմ վարելու այս պայմաններում:





























