Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կարելի էր անել ավելի շուտ, որ այսքան զոհ չունենայինք, ինչպես նաեւ ժողովրդի կողմից ընտրվածը կարող էր ժողովրդի կարծիքը հարցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, որը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Ես Փաշինյանի հրաժարականի պահանջով նկատի չեմ ունենում որեւէ մեկին։ Պարզապես Աստծուց խնդրում եմ՝ ով ուզում է լինի, մի բուռ ժողովուրդ ենք մնացել, մտածի նրանց ժողովրդի մասին։ Ինչքան հեռուստացույցով նայում են՝ հաղթելու ենք, հաղթելու ենք, իսկ հաղթանակը սա եղա՞վ՝ 5 հազար երիտասարդներ՝ 18-20 տարեկան, հասկանո՞ւմ եք՝ 20 տարի հետ ընկանք։ Երկու որդիներս այս պահին դիրքերում են, մեկը՝ Մարտունի 3-ում, բոլոր թեժ կետերում մասնակցել է, իր վաշտից 5 հոգի զոհ եւ 15 վիրավոր է եղել»,- պատմեց Նորիկ Մարտիրոսյանը։

Անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերը  պատերազմի օրերին կամավորական ջոկատներ չեն կազմել՝ Փոքր Վեդիի գյուղապետն արձագանքեց. «Նրա հայտարարությունը, ուրիշի հանդեպ չգիտեմ, իմ հանդեպ աբսուրդ է։ Կարող եք նրանից էլ հարցնել, երբ վարչապետի հանձնարարությունը եղավ, ես հայտարարություն արեցի, 14 հոգի կամավորների հետ ընդգրկվեցի։ Նրանցից 6-ը զորամասից ծանուցագիր ունեին, 8-ը 50 տարեկանից բարձր էին, բայց մասնակցել էին նախորդ պատերազմին, 2-ն էլ մենք էինք։ 2 հոգով մենք հոկտեմբերի 20-ից Զոդի զորամասում ենք եղել վաշտը կազմելու համար, այնտեղ է եղել նաեւ մարզպետը։ Հոկտեմբերի 27-ին հենց մարզպետն էլ ինձ ասաց՝ դե որ երկու տղադ կռվում են, կարող ես գնալ։ Իր առաջարկով էլ ես գնացել եմ, մեր գյուղից մեկ հոգի այս պահին Երասխավանի դիրքերում է։ Այնպես չէ, որ ես հրաժարվել եմ, չեմ գնացել, դա աբսուրդ է։ Իսկ եթե նա հրաժարվում է դրանից, ես ի՞նչ կարող եմ ասել»։

Անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, Նորիկ Մարտիրոսյանն ասաց. «Աշխատող մարդը չի՞ սխալվում, այ, չաշխատողը չի սխալվում, իսկ այդ բոլոր գործերը կարճվող գործեր են եւ կարճվել են։ Ես խուսափելու բան չունեմ, ոչ դատարանից եմ վախենում, ոչ էլ. դա աբսուրդ է։ Իր մոտ սխալ բան չկա՞, կարող եմ իր առջեւ էլ ասել՝ ինչ սխալներ կան, բայց պետք չէ, իմ ղեկավարն է, նման բան թույլ չեմ տա»։

Նորիկ Մարտիրոսյանը նաեւ պատմեց, որ գյուղի բնակչությունը պատերազմի օրերին հումանիտար օգնություն է ցուցաբերել։

Գյուղն ունի 1 անհետ կորած, երկու զոհ. մեկը՝ պայմանագրային էր, մյուսը՝ զորակոչվել էր։