Ամերիկացի կործանիչ օդաչու Չակ Յեգերը, ով առաջինն աշխարհում գերազանցել է ձայնի արագությունը, մահացել է 97 տարեկանում, հայտնել է նրա կինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խորը տխրությամբ ասում եմ, որ իմ կյանքի սերը` գեներալ Չակ Յեգերը կյանքից հեռացավ 21.00-ից քիչ առաջ: Նա աներեւակայելի լավ կյանք է ապրել, Ամերիկայի մեծագույն օդաչուն էր, նրա ժառանգությունը` ուժը, արկածախնդրության ծարավը եւ հայրենասիրությունը, հավերժ կմնան հիշողության մեջ»,- ասվում է նրա կնոջ` Վիկտորիայի անունից Twitter-ում արված գրառման մեջ:
Օդաչուի մահվան պատճառները չեն հաղորդվում:
Չակ Յեգերը ծնվել է ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիա նահանգում 1923 թվականին, երիտասարդ տարիքում ավտոտեխանիկ էր դարձել, իսկ 1941-ին միացել էր ԱՄՆ ՌՕՈւ-ին: Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, խոցել թշնամու տասնյակից ավել ինքնաթիռներ: 1947 թվականին Bell X-1 փորձարարական ինքնաթիռով 24-ամյա կապիտանն առաջին անգամ հաղթահարել է ձայնային պատնեշը` թռիչք իրականացնելով Կալիֆորնիայի Մոխավե անապատում:





























