Անանուն ֆրանսիացի բարերարը որոշակի գումար է կտակել այն կատուներին, որոնք ապրում են Սանկտ Պետերբուրգի հայտնի Էրմիտաժ թանգարանի նկուղում, հայտնում է CNN-ը:
Էրմիտաժում ապրում է շուրջ 50 կատու: Էրմիտաժի հիմնադիր Եկատերինա Մեծը կատուներին գեղարվեստի պատկերասրահների պահապանների կարգավիճակ է տվել, եւ նրանք նախկինի պես կրծողներին մոտ չեն թողնում թանգարանի երեք միլիոն արվեստի գործերին: Այժմ նրանց մասին հոգ են տանում կամավորականներն ու թանգարանների աշխատակիցները:
«Մեր ֆրանսիացի ընկերը շատ լավ բան է արել, սա հիանալի PR է ինչպես կատուների, այնպես էլ բարեգործության համար»,- ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Ըստ նրա, միջոցները, ամենայն հավանականությամբ, կուղղվեն թանգարանի՝ կատուների կացարան հանդիսացող նկուղների վերանորոգմանը:





























