Royal Caribbean զբոսաշրջային նավը Սինգապուրի նավահանգիստ է վերադարձել՝ առանց ավարտելու քառօրյա «շրջագայությունը ոչ մի տեղ»: Երեք օր նավարկությունից հետո ուղեւորներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հայտնում է BBC-ն:
Սինգապուրը նոյեմբերին սկսել է իրականացնել կարճ «շրջագայություններ ոչ մի տեղ»: Ենթադրվում էր, որ դրանք բավականաչափ անվտանգ են՝ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: Նավը հեռանում է նավահանգստից, մի քանի օր մնում ծովում եւ վերադառնում նույն նավահանգիստ, իսկ տոմսերը վաճառվում են միայն Սինգապուրի բնակիչներին: Նավ բարձրանալուց առաջ ուղեւորները կորոնավիրուսի թեստ են անցնում եւ պետք է բացասական արդյունք ներկայացնեն:
«Շրջագայություն ոչ մի տեղ»-ը փորձ է ինչ-որ կերպ աշխուժացնել նավարկության արդյունաբերությունը, որը գրեթե ամբողջովին դադարել է գործել՝ համավարակի սկզբում մի քանի նավերի վրա կորոնավիրուսի մեծ բռնկումներից հետո:
Quantum of the Seas նավը երկուշաբթի օրը հեռացել է Սինգապուրի ափերից, բայց ընկերության ղեկավարությունը որոշել է ետ վերադառնալ այն բանից հետո, երբ 83-ամյա ուղեւորը բժիշկներին հայտնել է լուծի ախտանիշների մասին: Ըստ կարգի՝ նրան կորոնավիրուսի թեստ են արել, ինչը, պարզվել է, դրական է:
Մնացած ուղեւորներին դեպքի մասին տեղեկացրել են չորեքշաբթի առավոտյան, իսկ կեսօրին հիվանդին սպիտակ պաշտպանիչ կոստյումով նավից իջեցրել եւ շտապօգնության մեքենայով տարել են:
Ուղեւորներին խնդրել են մնալ իրենց խցիկներում, մինչ ղեկավարությունը հետեւել է վարակված անձի շփումներին:
«Մենք գտել եւ մեկուսացրել ենք այն հյուրերին եւ անձնակազմի անդամներին, ովքեր սերտ կապի մեջ են եղել այս ուղեւորի հետ, նրանք բոլորը կորոնավիրուսի անալիզ են հանձնել, որոնք բացասական արդյունք են ցույց տվել»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նավում եղել է մոտ 1700 ուղեւոր եւ անձնակազմի գրեթե 1500 անդամ: Սա սոցիալական հեռավորության պատճառով նավի սովորական զբաղվածության կեսն է:





























