ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացած մարդկանց թիվը հասել է ամենաբարձր մակարդակին համավարակի բռնկումից ի վեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The New York Times-ը:

Դրա տվյալներով` չորեքշաբթի COVID-19-ի հետեւանքով առաջացած բարդություններից ԱՄՆ-ում մահացել է 3.011 մարդ: Նախորդ առավելագույնը գրանցվել էր դեկտեմբերի 3-ին` 2.879 մահվան դեպք: Ապրիլի 15-ին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի զոհ էր դարձել 2752 մարդ:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է վարակման ավելի քան 15.3 միլիոն դեպք, մահացել է 289 283 մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: