Գագաթնաժողովին ԵԱՏՄ երկրների ղեկավարները կընդունեն մինչեւ 2025 թվականի ռազմավարությունն ինտեգրման մասին, կարող է նաեւ որոշում կայացվել Ուզբեկստանին եւ Կուբային դիտորդի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը դեկտեմբերի 11-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` տեսանյութի ձեւաչափով նախատեսված նիստին:
«Ընդարձակ օրակարգ, բազմաթիվ փաստաթղթեր: Իհարկե, համավարակը թողնում է իր հետքը, քննարկման մեծ մասը նվիրված է լինելու հատկապես համավարակի դեմ պայքարի համատեղ գործողությունների իրականացման ծրագրին, որը հանձնաժողովի շրջանակներում հաստատվել էր դեռ ամռանը: Թերեւս հիմնական փաստաթուղթը, որն օրակարգում կհաստատվի այս գագաթնաժողովի մասնակիցների կողմից, կլինի մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթուղթը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:





























