Ցավալի իրողության առջեւ ենք կանգնած. 8 զոհ ունենք Պատմության ֆակուլտետից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԵՊՀ-ի դիմաց մոմավառության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։

«Տղաներ, որոնք իրոք հերոսություն են գործել։ Նրանցից մեկը՝ Վահագ Թումասյանը, «Մարտական առաջին» շքանշանի արժանացավ։ Մենք որոշել ենք ֆակուլտետի լսարաններից մեկը կոչել նրա, եւ այս պատերազմում բոլոր զոհվածների անունով»,- նշեց նա։

Էդիկ Մինասյանն ասաց, որ այս շրջանի ազատամարտի պատմությունն ինքն է գրում. «1994 թվականին այս խաչքարի բացմանը ես էլ եմ ներկա եղել։ 90-ականների պատերազմին 100-ից ավելի մեր ուսանողներ մասնակցեցին, որոնցից 3 տասնյակից ավելին զոհվեցին։ Սա ժամանակավոր պարտություն է, կորցրինք մեր դրախտավայր հողերը։ Դժբախտությունն այն է, որ տղաները զոհվեցին եւ զոհվելուց հետո տարածքները հանձնվեցին։ Ես վստահ եմ, որ իրենց արածը կմտնի պատմության դասագրքեր»։

Պատմության դեկանն ընդգծեց՝ այսօր անհրաժեշտ է, որ մենք մեր մեջքն ուղղենք. «Վստահ եմ, որ պարտվող իշխանությունն անպաման պետք է հեռանա։ Նոր մարդու գալով, նոր խնդիրներ առաջարկելով, անորոշությունները լուծելով հնարավոր է այս խնդիրները լուծել։ Ժամանակ է պետք պարտվողի հոգեբանությունից դուրս գալու համար»։

Դեկանի խոսքով՝ սահմանները գծված չեն, գյուղացին դուրս է գալիս եւ հայտնվում ռազմագերու կարգավիճակում, գյուղացիներն են բանակցում սահմանը գծելու վերաբերյալ. «Անգործության են մատնված։ Մենք կարող ենք հաջողություն ունենալ, եթե նոր իշխանություն, նոր համակարգ ամրապնդելու եւ վերջնական սահմանագծում իրականացնելու բանակցությունները շարունակեն։ Համաշխարհային պատմության մեջ չի եղել դեպք, որ պարտություն կրած անձնավորությունը մնա իշխանության ղեկին»։