Ավստրիայի Սահմանադրական դատարանը ճանաչել է կրտսեր դպրոցում հիջաբ կրելը՝ որպես սահմանադրությանը հակասող, եւ կարգադրել դա չեղարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սահմանադրական դատարանն այսօր հայտարարած որոշմամբ չեղարկել է «այդպիսի գլխաշորեր կրելու արգելքը»՝ համարելով այն ոչ սահմանադրական»,-ասված է դատական մարմնի հայտարարության մեջ: Ըստ հիմնավորման՝ հիջաբ կրելու արգելքը խախտում է հավասարության սկզբունքը կրոնի ազատության իրավունքի հարցում:

2019-2020 թվականներին Ավստրիայում ուժի մեջ էին մտել դպրոցական կրթության մասին օրենքում փոփոխությունները, որոնք արգելում էին հիջաբ կրել մինչեւ 11 տարեկան աղջիկներին կրտսեր դպրոցում, իսկ արգելքը խախտելու համար ծնողները պետք է տուգանք վճարեին 440 եվրոյի չափով: Ավստրիայի իշխանություններն ընդգծում էին, որ այդ քայլով պաշտպանում էին մահմեդական աղջիկներին խտրականությունից: 2020 թվականի հունվարին Ավստրիայի մահմեդական համայնքը բողոքի դիմում էր ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան այն որոշման դեմ:

2017 թվականից Ավստրիայում գործում է օրենք հանրային վայրերում դեմքը փակելու արգելքի մասին: Այն վերաբերում էր նախ բոլոր նրանց, ովքեր կրում են փարանջա, բուրկա եւ նիքաբ, ինչպես նաեւ տարածվում էր մարդկանց վրա, որոնք թաքցնում են դեմքը հասարակական վայրերում կամ տրանսպորտում: Օրենքը խախտելու համար նախատեսվում էր տուգանք 150 եվրոյի չափով: 2018 թվականին Ավստրիայի խորհրդարանն արգելել էր կրել հիջաբ մանկապարտեզներում: 2019 թվականի մայիսին ընդունվել էր հիջաբ կրելու արգելք կրտսեր դպրոցներում:

Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ Ավստրիայի բնակիչների մեծամասնությունը սատարել է այդ միջոցառումները: Unique research ինստիտուտի հարցման տվյալները վկայում են, որ ավստրիացիների 80 տոկոսը համարում է, որ 11 տարեկանից փոքր աղջիկները չպետք է կրեն այդպիսի գլխաշորեր մանկապարտեզներում եւ դպրոցներում: Բացի այդ, Զալցբուրգի համալսարանի հարցումը բացահայտել է, որ ավստրիացիաների մեծամասնությունը համարում է, որ իսլամը չի համապատասխանում Ավստրիայի կենսակերպին: Միեւնույն ժամանակ այդ երկրի բնակիչների շուրջ կեսը կողմ է մահմեդականների իրավունքները սահմանափակելու անհրաժեշտությանը: