Եկող տարվա ընթացքում գերմանական վարկի միջոցներով (30 միլիոն եվրո) բարելավվելու է Վանաձորի եւ Գյումրիի ջրամատակարարման համակարգը, որի արդյունքում այդ քաղաքակները 24-ժամյա ջրամատակարարում կունենան: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հավելելով, որ կվերանորոգվի նաեւ Աշտարակ-Գյումրի ճանապարհը, որի արդյունքում կոնենանք բարձրակարգ ավտոճանապարհ դեպի Գյումրի: «Եթե դրան ավելացնենք նաեւ ազատ տնտեսական գոտու գաղափարը, տեխնոպարկի գաղափարը եւ առաջիկայում սպասվելիք սահմանի բացումը, որի արդյունքում Գյումրին կդառնա լուրջ տրանսպորտային լոգիստիկ կենտրոն` Ախուրյան կայարանով, ապա այդ ամենը, կարծում եմ լրջորեն կփոխի իրավիճակն աղետի գոտում ու Շիրակի մարզում»,- կարծիք հայտնեց նա:
Այնուհետեւ անդրադառնալով ռուսական 500 միլիոն դոլարի (185 միլիարդ դրամ) վարկի օգտագործմանը, նախարարը տեղեկացրեց, որ այդ վարկն ուղղվելու է տնտեսության խթանմանն ու ճգնաժամի դիմագրավմանը: «Պետական բյուջեում ռուսական վարկն ամբողջությամբ արտացոլված է: Բացի դրանից կատարվում է առանձին հաշվառում: Այդ 185 միլիարդ դրամ վարկից այս պահի դրությամբ տնտեսության խթանմանը նախատեսվել է ուղղել մոտ 110 մլիարդ դրամ: Այդ 110 միլիարդը տնտեսություն է ուղղվում տարբեր խողովակներով` ԿԲ միջոցով, փոքր եւ միջին ձեռնարկատիրության կենտոնի միջոցով, ինչպես նաեւ անմիջապես համակարգաստեղծ ձեռնարկություններին պետական վարկեր տրամադրելու միջոցով»,- ընդգծեց Տ. Դավթյանը:
Այս պահի դրությամբ այդ միջոցներից արդեն ծախսվել է 57 միլիարդ դրամը, որից 20 միլիարդն ուղղվել է աղետի գոտու վերականգնմանը, իսկ 36,5 միլիարդ դրամը` տնտեսությանը տարբեր ձեւերով վարկավորումն է:




























