Ջո Բայդենը, ով, ըստ նախնական տվյալների, Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվել, տնտեսական օրակարգի էական փոփոխություններ չենթադրող ուղի կընտրի եւ կարող է «կաղացող բադ» դառնալ, երբ երկու տարի անց նրա կուսակցությունը պարտվի միջանկյալ ընտրություններում: Նման կարծիք «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է դանիական Saxo բանկի ներդրումների բաժնի տնօրեն, բանկի տարեկան «ցնցող կանխատեսումների» հեղինակ Սթին Յակոբսենը:

«Կաղացող բադը» (անգլ. lame duck) ամերիկյան քաղաքական սլենգում Միացյալ Նահանգների Նախագահի մականունն է, որը շուտով լքում է իր պաշտոնը` հերթական ընտրություններում պարտվելու կամ դրանց ընտրություններին մասնակցելու իր իրավունքի սպառման արդյունքում:

«Մենք գիտենք, որ նրա վարչակազմի մեծ մասը Բարաք Օբամայի կամ Հիլարի Քլինթոնի կողմնակիցներն են: Այս վարչակազմերից ոչ մեկն առաջընթաց չի գրանցել անհավասարության դեմ պայքարի եւ տնտեսության զարգացման գործում: Այո, Թրամփը սարսափելի էր, բայց Բայդենն ավելի լավը չէ: Նրա վարչակազմը չի կարողանա քայլ առաջ անել եւ կլողա հոսանքի ուղղությամբ»,- կարծում է գործակալության զրուցակիցը:

«Այլ կերպ ասած, սա ազդանշան է` «Ոչ մի փոփոխություն, աշխատում ենք նախկինի պես»: Մի փոքր տխուր է, որ ԱՄՆ-ն չի կարող առաջ շարժվել քաղաքական օրակարգում: Ընդ որում, նա կվերակենդանացնի Միացյալ Նահանգների միջազգային ակտիվությունը. Չինաստանի հետ հարաբերությունները բարիդրացիական չեն լինի, այն կշարժվի «ճանապարհի մեջտեղով»` առանց կտրուկ շարժումների տնտեսության եւ քաղաքականության մեջ»,- կարծում է Յակոբսենը:

Նրա կարծիքով` կա «մեծ ռիսկ, որ Բայդենը «կաղացող բադ» կդառնա, եւ երկու տարի անց նրա կուսակցությունը կպարտվի միջանկյալ ընտրություններում» (Սենատի ընտրություններ):

«Ես կանխատեսում եմ, որ դա Ջիմի Քարտերի ոճի վարչակազմ կլինի` խառնաշփոթություն, միջազգային խնդիրներ, գների աճ եւ քաղաքական օրակարգը հաղթահարելու անկարողություն»,- եզրափակել է Յակոբսենը: