Դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը՝ տոնական օրերին ամբողջ Իտալիան կդառնա «կարմիր գոտի», ինչը նշանակում է այդ ժամանակահատվածում համազգային կարանտինի հայտարարում, ինչպես մարտին էր հայտարարվել: Համավարակի պատճառով նման որոշման մասին երեկ հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը ամբողջ Իտալիան «կարմիր գոտի» է: Սա նախատեսում է առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ»,- ասել է Կոնտեն: Բոլոր խանութները փակ են, բացառությամբ մթերայինների եւ դեղատների: Բաց են մնում վարսահարդարման սրահները: Արգելվում է նահանգից նահանգ ուղեւորվելը: Չեն գործելու բարերն ու ռեստորանները, սակայն հնարավոր է առաքմամբ սպասարկումը: Վարչապետը նշել է, որ խորհուրդ է տրվում տոնական օրերն անցկացնել միայն ընտանիքի անդամների հետ, որոնց հետ մշտական հիմունքով եք բնակվում: Բայց հնարավոր է երկու հյուրի ընդունումը՝ մինչեւ 14 տարեկան երեխաների ուղեկցությամբ:
Երկրի վարչապետը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 28-30-ը եւ հունվարի 4-ին հնարավոր են նվազագույն մեղմացումներ: Մասնավորապես՝ կարող են բացվել խանութները (մինչեւ 21:00) եւ հնարավոր է դուրս գալ մշտական բնակության քաղաքից: Սակայն յուրաքանչյուր տեղաշարժ պետք է արդարացված լինի: «Պետությունը չի կարող վերահսկել տների մեջ կատարվողը, իսկ մեր միջոցառումներն ուղղված են տեղաշարժի առավելագույն սահմանափակմանը»,- պարզաբանել է Կոնտեն: Նա նաեւ նշել է, որ այս միջոցառումներն ընդունելիս կառավարությունը ղեկավարվել է մասնագետների պատկերացումներով եւ եզրակացություններով, որոնք նախազգուշացնում են վարակումների աճի վտանգի մասին:
Կառավարությունն ավելի վաղ արդեն սահմանել էր հունվարի 21-ից մարզերի միջեւ տեղաշարժման ընդհանուր արգելք, ինչպես նաեւ պահպանել էր պարետային ժամը, այդ թվում ամանորյա գիշերը: Բայց նախորդ հրամանի համաձայն՝ ռեստորանները կարող էին աշխատել ճաշի ժամին եւ Ծննդյան օրը, նաեւ հունվարի 1-ին:
Իշխող մեծամասնությունից հայտնել են, որ հեշտ չէր կոնսենսուսի հասնել կարանտինային միջոցառումների հանդեպ մոտեցումներում տարաձայնությունների պայմաններում: Նոր սահմանափակող միջոցառումների քննարկումը տեւել է մի քանի օր: Կոնտեն, մասնավորապես, պնդել է ավելի մեղմ գիծ այն բանից հետո, երբ իտալական մարզերի մեծամասնությունը մի քանի շաբաթ հետեւում էր խիստ կարանտինի, ինչը թույլ է տվել կասեցնել համաճարակաբանական կորի աճը: Սակայն մի շարք նախարարություններ, ներառյալ առողջապահության նախարարությունը, պնդել են ավելի խիստ գիծը, որպեսզի թույլ չտրվի տոներից հետո վարակումների նոր աճ: Առավել եւս, որ հունվարի 7-ից նախատեսվում է պատվաստման արշավի մեկնարկը:
Իտալիայում արդեն կատակներ են հայտնվել «կարմիր Ծննդյան» մասին. սա գլխավոր կաթոլիկ տոնի ավանդական գույնն է: Այն հաճելի է անցկացնել ընտանեկան ընդարձակ կազմով: Շատերը տարբեր քաղաքներից գալիս են մասնակցելու ամենամյա ընտանեկան հանդիպմանը:





























