ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ նախատեսում են նրա վիրտուալ «երկրորդ երդմնակալություն» անցկացնել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ավելի քան 60 հազար մարդիկ Facebook-յան էջում նշել են, որ նախատեսում են մասնակցել միջոցառմանը, որը հայտարարվել է որպես «նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության երկրորդ արարողություն»: Եվս ավելի քան 260 հազար մարդիկ միջոցառման էջում «հետաքրքրում է» նշումն են դրել:
«Մենք 325 հազար թվաքանակով մասնավոր անձանց խումբ ենք, որ ցույց ենք տալիս մեր աջակցությունը նախագահ Դոնալդ Թրամփին: Մենք որեւէ առնչություն չունենք որեւիցե պաշտոնական կազմակերպության հետ»,- նշված է էջի նկարագրության մեջ:
Նշվում է, որ միջոցառումը նախատեսված է հունվարի 20-ի կեսօրին: Հենց այդ ժամանակ է կատարվելու ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը:
Facebook-ը միջոցառման էջում հիշեցում է հավելել. «Ջո Բայդենն ընտրված նախագահն է: Նրա երդմնակալությունը որպես ԱՄՆ 46-րդ նախագահ տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին»:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հաղթել է նոյեմբերի 3-ին տեղի ունեցած պետության ղեկավարի ընտրություններում, վկայում են Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները: ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ ընտրիչների քվեարկության արդյունքները հունվարի 6-ին պետք է հաստատի Կոնգրեսը:
Երկրի գործող նախագահ Թրամփը նախկինի պես չի ընդունում իր պարտությունը եւ շարունակում է դատարանների միջոցով ընտրությունների արդյունքների վիճարկման փորձերը:





























