Թուրքիայի խորհրդարանը 18 ամսով երկարաձգել է Լիբիայում եւ Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայումը, հաղորդում է Evrensel թերթը:

Լիբիայի հարցով օրինագծում հիշատակվում է աջակցության մասին, որը խնդրել է Լիբիայում Թուրքիայի կողմից աջակցվող Ազգային համաձայնության կառավարությունը:

Ընդդիմությունը դեմ է քվեարկել:

Օրինագիծը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին հնարավորություն է տել թուրքական զորքեր ուղարկել արտասահման ռազմական գործողություններ անցկացնելու համար:

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նաեւ Աֆղանստանում թուրքական զորքերի ներկայության ժամկետի երկարաձգման մասին օրինագշին:

Օրինագիծն առաջին անգամ ուժի մեջ է մտել անցած տարի հունվարի 6-ին, ինչը Թուրքիային թույլ է տվել զորքեր ուղարկել Աֆղանստան ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ «Վճռորոշ աջակցություն» առաքելությունը սատարելու համար: