ԱՄՆ-ը հատկացրել է 169 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն Բալթյան երկրների 2021 թվականի կտրվածքով, հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Reuters-ը:
Ամերիկա-բալթյան անվտանգության նոր համատեղ ծրագրի շրջանակում հատկացված օգնությունը ներառված էր պաշտպանական հատկացումների մասին օրինագծում, որը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Թվիթերյան իր գրառման մեջ Էստոնիայի պաշտպանության նախարարությունն անվանել է այդ քայլը «կարեւոր լուր»:
Վաշինգտոնն արդեն ցուցաբերել է ռազմական օգնություն Բալթյան երեք երկրներին, որոնք ներառված են ՆԱՏՕ-ի կազմում: Սակայն Էստոնիայի նախարարությունը հայտարարել է, որ դա առաջին անգամ է, երբ օգնությունը հատկացվում է Baltic Security Initiative հատուկ ծրագրի շրջանակում:
Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան նախկին խորհրդային հանրապետություններ են, որոնք անդամակցել են ՆԱՏՕ-ին 2004 թվականին: Բոլոր այդ երկրները սահմանակից են Ռուսաստանին:
«ԱՄՆ Կոնգրեսի որոշումը ցուցադրում է, որ մեր ամենաուժեղ դաշնակիցը հակված է պաշտպանել մեր տարածաշրջանը եւ հասկանում է այդտեղ գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերները»,-ասվում է Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի Լույքի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ այդ միջոցառումը հաստատել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում են Էստոնիային եւ Բալթյան մյուս երկրներին՝ որպես հուսալի դաշնակից:
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս տարի ԱՄՆ-ը պահպանել է ակտիվ ռազմական ներկայություն Բալթյան տարածաշրջանում, իսկ Էստոնիայի զինվորականներն անցկացրել են մի քանի համատեղ զորավարժություններ ԱՄՆ բանակի, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի հետ:
Սեպտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի սկիզբ ԱՄՆ կիբերհրամանատարությունն անցկացրել է համատեղ գործողություն Էստոնիայի հետ, որպեսզի օգնի երկրին հայտնաբերել եւ արգելափակել պոտենցիալ կիբերսպառնալիքները Ռուսաստանի կողմից:





























