ԱՄՆ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ ընդունելով սահմանափակումներ 4 իրավաբանական եւ 40 ֆիզիկական անձանց դեմ նախագահական ընտրություններում նրանց դերակատարման պատճառով:

«Բելառուսի ժողովուրդն անդադար ձգտում է իր հիմնարար ժողովրդավարական իրավունքների խաղաղ իրացմանը, եւ պետությունը մշտապես պատասխանում է կոշտ ճնշումներով»,-ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Նոր պատժամիջոցներն ուղղված են Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ, որը, ԱՄՆ ֆիննախի խոսքով, ձախոզել է քվեարկությունը, որը ներառել է բազմաթիվ խախտումներ, որոնց հետեւանքով ընտրություններն ազատ եւ արդար չէին:

Սեւ ցուցակում են հայտնվել նաեւ ոստիկանության հատուկ նշանակության Մինսկի ստորաբաժանումը, Մինսկի քաղաքային ներքին գործերի գլխավոր վարչությունը եւ «Ալֆա»-ն, որոնք, ըստ ԱՄՆ ֆիննախի, ներգրավված են եղել ցուցարարների վրա հարձակումների մեջ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաեւ պատժամիջոցներ է սահմանել ներքին գործերի փոխնախարարի եւ ազգային ոստիկանության պետի դեմ:

ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ հայտնաբերել է 39 անձի, որոնք, նրա խոսքով, պատասխանատվություն են կրում Բելառուսում ժողովրդավարությունը ձախողելու համար, եւ վիզայի սահմանափակումներ մտցրել նրանց դեմ:

«Միացյալ Նահանգները շարունակում են սատարել միջազգային ջանքերը Բելառուսում ընտրությունների, դրանց հետ կապված մարդու իրավունքների խախտումների եւ ռեպրեսիաների անկախ հետաքննությունն իրականացնելու հարցում»,-հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի ՆԳՆ-ի եւ երկրի յոթ այլ պաշտոնական անձանց նկատմամբ: