Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը առաջինն է երկրում պատվաստվել COVID-19-ի դեմ` սկիզբ դնելով Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից մշակված պատվաստանյութերով զանգվածային պատվաստումների արշավին, փոխանցում է Reuters-ը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 4875 դեղաչափ երեքշաբթի հասցվել է Սերբիա` այն Բալկանների առաջին երկիրը դարձնելով, որը սկսում է պատվաստումների արշավը:

«Ինձ համար մեծ պատիվ է անել դա հանուն իմ երկրի եւ առաջինը ճանապարհ բացել մյուս քաղաքացիների պատվաստման համար»,- ասել է Բռնաբիչը Բելգրադի վիրուսաբանության, պատվաստանյութերի եւ շիճուկների ինստիտուտում պատվաստվելուց հետո:

Նա նշել է, որ առաջիկայում պետք է սկսվի Sinopharm չինական պատվաստանյութի եւ ռուսական Sputnik V պատվաստանյութերի մատակարարումը, սակայն հստակ ժամկետ չի նշել:

Ըստ նրա` նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ամենայն հավանականությամբ, կստանա Sinopharm պատվաստանյութը: Հաջորդ տարի Սերբիան կստանա նաեւ AstraZeneca-ի եւ Moderna-յի պատվաստանյութերը:

Pfizer/BioNTech պատվաստանյութերի մեծ մասը կտրամադրվի ծերանոցներում բնակվող տարեցներին:

Չորեքշաբթի օրը Սերբիան հայտնել էր կորոնավիրուսով վարակման 4426 եւ մահվան 52 դեպքի մասին վերջին 24 ժամվա ընթացքում: