ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ, չնայած համավարակին, Ձմեռ պապը կհասցնի ժամանակին նվերներ հասցնել երեխաներին: ԱՄՆ զինված ուժերը սկսել են սպիտակ մորուքով եւ մեծ փորով տղամարդուն հետեւելու օպերացիան, ում անունը Սանտա Կլաուս է: Սակայն անհանգստանալու առիթ չկա, ասել է Ռազմաօդային ուժերի գեներալ Գլեն Դ. Վան Հերքը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Սա արդեն 65-ամյա սուրբծննդյան ավանդույթ է: Միացյալ Նահանգների եւ Կանադայի կողմից երկու երկրների օդային տարածքի պաշտպանոթյան համար ստեղծված Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) հետեւում է Սանտայի գտնվելու վայրին եւ տեղաշարժին 1955 թվականից, երբ երեխան սխալմամբ զանգահարել էր ռազմաբազա եւ խնդրել կապվել Ձմեռ պապի հետ:

Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգսում գտնվող բազան օգտագործվում է միջուկային սպառնալիքներին հետեւելու համար: Սակայան այս սուրբծննդյան տոներին աշխատակիցները հետեւում են, որպեսզի կորոնավիրուսային համավարակը չխանգարի Սանտա Կլաուսին եւ նրա եղջերուներին նվերներ հասցնել ամբողջ աշխարհի երեխաներին:

Ձմեռ պապի գործողություններին հետեւելու օպերատիվ կենտրոնում, որպես կանոն, շուրջ 1500 կամավոր է լինում, ովքեր զանգեր են ընդունում ամբողջ աշխարհից, սակայն այս տարի կենտրոնի աշխատակազմը կրճատվել է` COVID-19-ի հետ կապված խնդիրների պատճառով: Այժմ բուն կենտրոնում քիչ մարդ կա, շատ օպերատորներ զանգեր են ընդունում հեռավար ռեժիմով: Աշխատակիցները նաեւ ավելացրել են ձայնային փոստի ծառայությունը նրանց համար, ում չի հաջողվել կապվել օպերատորի հետ:

«Սանտա Կլաուսը, ինչպես գիտեք, զբաղվում է դրանով արդեն շատ ու շատ տարիներ, եւ անցյալում նա արդեն համաճարակներ տարել է եւ պայքարել է ժվարությունների հետ ամբողջ աշխարհում: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ Սանտա Կլաուսը հստակ գիտի, թե ինչպես ապահով մնալ»,- ասել է Վան Հերքը: