Ասիայում խոշորագույն Տոկիոյի ֆոնդային բորսայում Nikkei-ի առանցքային ինդեքսը երեքշաբթի հասել է 1990 թվականի օգոստոսից ի վեր ամենաբարձր նիշին: Տեղական ժամանակով 11:00-ի դրությամբ այն աճել է մինչեւ 27 264,03 նիշ՝ երկուշաբթի սակարկությունների ավարտի պահի մակարդակի համեմատությամբ բարձրանալով 1,55 տոկոսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Nikkei-ի աճը, որը ֆիքսում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գները, հաջորդել է նախօրեին Նյու Յորքում, աշխարհի խոշորագույն ֆինանսական հարթակներում գրանցված գնանշումների կտրուկ բարձրացմանը: Դա կապված է ԱՄՆ-ում համավարակի պայմաններում ընդհանուր 900 մլրդ դոլարով տնտեսության խթանման միջոցառումների փաթեթի ընդունման հետ:
Այսօր Nikkei ճապոնական վերլուծական պորտալը նշել է, որ այս միջոցառումները կարող են հանգեցնել 2021 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի շուրջ 3 տոկոսով աճին, ինչը մեծացնում է նաեւ Տոկիոյում ներդրողների լավատեսությունը:
Երեքշաբթի Տոկիոյի ֆոնդային բորսայում զգալիորեն աճել են ճապոնական առաջատար արդյունաբերական կորպորացիաների, ներառյալ ծանր արդյունաբերության հսկա Mitsubishi Heavy Industries-ի բաժնետոմսերի գները:




























