Չինաստանը երբեք չի ձգտել մարտահրավեր նետել կամ զբաղեցնել Միացյալ Նահանգների տեղը աշխարհում եւ մտադիր չէ կիսել ազդեցության ոլորտը Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ ԿԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը երբեք չի խառնվել Միացյալ Նահանգների ներքին գործերին, այդ թվում` ԱՄՆ ընտրություններին, երբեք իր զարգացման մոդելը չի խթանել արտաքին աշխարհում, երբեք չի մասնակցել գաղափարական առճակատմանը, չի փորձել մարտահրավեր նետել կամ գրավել Միացյալ Նահանգների դիրքը, երբեք մտադրված չեն եղել բաժանել ազդեցության ոլորտը»,- ասել է նա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ:
Յան Ցզեչին նշել է, որ «Չինաստանը եւ Միացյալ Նահանգները երկու մեծ տերություններ են` տարբեր պատմություններով, մշակույթներով, համակարգերով եւ տարաձայնություններով որոշ հարցերի շուրջ»: Նրա խոսքով` «երկու կողմերն էլ պետք է հարգեն միմյանց պատմական եւ մշակութային ավանդույթները, հարգեն միմյանց առանցքային հետաքրքրություններն ու խնդիրները, հարգեն միմյանց կողմից ընտրված քաղաքական համակարգը եւ զարգացման ուղին»:
Նա նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնեն միջամտությունները Չինաստանի, մասնավորապես` Հոնկոնգի, Տիբեթի եւ Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի (ՍՈւԻՇ) տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վերաբերող հարցերին: Յան Սզեչիի խոսքով` այս հարցերն անձեռնմխելի են, միջամտությունը դրանց կարող է լրջորեն վնասել չին-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ շահերին:





























