Ինդոնեզիան արգելել է դպրոցներին ստիպել աղջիկներին հիջաբ կրել` քրիստոնյա աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքից հետո, երբ նրան ստիպել էին գլխաշոր կրել, հաղորդում է AFP-ն:

Իրավապաշտպանները ողջունել են այդ քայլը: Նրանց խոսքով` ոչ մուսուլման աղջիկներին տարիներ շարունակ ստիպել են հիջաբ կրել երկրի պահպանողական հատվածներում:

Գրեթե 270 միլիոն բնակչությամբ Հարավարեւելյան Ասիայի արշիպելագի հանրակրթական դպրոցները պատժամիջոցների կբախվեն, եթե չկատարեն կրթության նախարար Նադիմ Մաքարիմի հրամանը:

Կրոնական հագուստն անհատական ​​ընտրություն է, նշել է նա` հավելելով, որ դպրոցները «չեն կարող այն պարտադիր դարձնել»: Նա նախազգուշացրել է, որ կանոնները խախտած դպրոցները կարող են բախվել կառավարության ֆինանսավորման կրճատումներին:

Գլխաշորերի հետ կապված խնդիրը գրավել է թերթերի ուշադրությունն այն բանից հետո, երբ Արեւմտյան Սումատրա նահանգի Պադանգ քաղաքում քրիստոնյա աշակերտուհիներից մեկին ստիպել էին հիջաբ կրել:

Աղջիկը հրաժարվել էր, եւ նրա ծնողներն ավելի ուշ գաղտնի տեսագրել էին պաշտոնյայի հետ հանդիպումը, ով պնդում էր, որ դպրոցի կանոնները պահանջում են, որպեսզի բոլոր աղջիկները հիջաբ կրեն` անկախ իրենց դավանանքից: Ավելի ուշ դպրոցը ներողություն խնդրեց այն բանից հետո, երբ տեսանյութը վիրուսային դարձավ: