ԱՄՆ Սենատի անդամների մեծամասնությունը քվեարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթ անցկացնելու օգտին՝ համաձայնվելով դեմոկրատների այն փաստարկներին, որ նախագահի իմփիչմենթի ընթացակարգը, որն այլեւս իր պարտականությունները չի կատարում եւ մասնավոր անձ է հանդիսանում, ԱՄՆ Սահմանադրությամբ թույլատրված է, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: 

Թրամփի փաստաբանները պնդում էին, որ Սենատն իրավական լիազորություն չունի նախկին նախագահի իմփիչմենթի գործով դատավարություն անցկացնելու համար:

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները Դոնալդ Թրամփին իմփիչմենթ էին հայտարարել հունվարի 20-ին պաշտոնից նրա պաշտոնապես հեռանալուց մի քանի օր առաջ: Թրամփին մեղադրել էին անկարգություններ հրահրելու մեջ:

Չորս ժամ տեւած բանավեճից հետո, որի ընթացքում երկու կողմերը ներկայացրել էին իրենց փաստարկները, Սենատի քվեարկության էր դրվել իր պաշտոնից հեռացած նախագահի իմփիչմենթի գործընթացի սահմանադրականության հարցը: Գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ էր ձայների պարզ մեծամասնություն: Արդյունքում ինփիչմենթի սահմանադրականությունը ճանաչել են 56 սենատոներ, 44 հանրապետական սենատորներ այս պնդմանը չեն համաձայնվել:

Սենատում Հանրապետական կուսակցության 6 ներկայացուցիչներ աջակցել են իմփիչմենթի անցկացմանը՝ Բիլ Քեսիդին, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Միթ Ռոմնին, Բեն Սասեն եւ Փեթ Թումին:

Սենատորները իմփիչմենթի գործընթացը շարունակելու համար կրկին կհավաքվեն չորեքշաբթի ցերեկը՝ ժամը 12-ին:

Ներկայացուցիչների պալատի մենեջերները եւ Թրամփի պաշտպանական թիմը երկու օրվա ընթացքում ելույթների համար իրենց տրամադրության տակ ունեն 16 ժամ: