Հոլանդացի պատգամավորները երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչ են արել:

«Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ժոել Վուրդեւինդը Հոլանդիայի կառավարության անորոշ դիրքորոշումն «անհեթեթ» է անվանել: «Կառավարությունը մինչեւ հիմա օգտագործում է «Հայոց ցեղասպանության հարցը» արտահայտությունը կամ խոսում է «սարսափելի իրադարձությունների» մասին: Այսպես վարվելով՝ այն հեռանում է ճշմարտությունից, որ դա եղել է ծրագրված եւ կանխամտածված ցեղասպանություն: - Այդ ճանաչումն անչափ կարեւոր է, ցեղասպանությունը հայ համայնքի բաց վերքն է»: «Այն փաստը, որ շատ երկրներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, անգամ չեն ցանկացել ընդունել, որ դա ցեղասպանություն է եղել, այն ավելի ցավոտ է դարձնում: Այս պատճառով կարեւոր է, որ մեր կառավարությունը հստակ արտահայտվի այն մասին, ինչը տեղի է ունեցել անցյալում: Անցյալի ճանաչումը կարեւոր առաջին քայլն է հաշտեցման եւ կրկնությունը կանխելու ուղղությամբ:

2018 թվականին հոլանդացի օրենսդիրները խորհրդարանի ստորին պալատում ճնշող մեծամասնությամբ քվեարկել էին Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Բայց այդ ճանաչումը չէր դարձել պաշտոնական քաղաքականություն եւ երկրի տերմինաբանություն: Խորհրդարանի վերին պալատում հինգշաբթի անցկացվող քվեարկությունը կոչված է այս իրավիճակը փոխելուն: