Բրիտանական MI-6 հետախուզությունն առաջին անգամ սկսել է արտասահմանում ծնված աշխատակիցներ հավաքագրել` փորձելով խթանել մշակութային բազմազանությունը, հայտնում է Times-ը` վկայակոչելով աղբյուրները կառավարությունում:
Լրտեսների թեկնածուներին այլեւս հարկավոր չէ ծնունդով Բրիտանիայից լինել, սակայն նրանք, այնուամենայնիվ, պետք է Բրիտանիայի քաղաքացիություն ունենան, փոխանցում է BBC-ն:
Ինչպես պատմել են թերթի աղբյուրները, հատուկ ծառայությունը ձգտում է «մտածողության բազմազանությամբ» թիմ հավաքել, այլ ոչ թե` մարդկանց, ովքեր միանման են մտածում: Նրանց խոսքով` տարբեր ազգության եւ ծագման մարդկանց ներկայությունը MI-6-ի պատերի ներսում հետախուզությանը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել:
Երկքաղաքացիները գուցե ստիպված լինեն հրաժարվել ոչ բրիտանական քաղաքացիությունից` կախված հետախուզական ծառայությունում իրենց զբաղեցրած պաշտոնից:





























