Շաբաթ՝ փետրվարի 13-ին Բեւերլի Հիլզում տեղի կունենա աճուրդ, որին կներկայացվի հատուկ լրտեսական սարքավորումների աշխարհում ամենամեծ հավաքածուն, որոնցից «Սառը պատերազմի» տարիներին օգտվել են ՊԱԿ գործակալները: Աճուրդը կազմակերպել են Julien`s Auctions աճուրդի տունը եւ Նյու Յորքի ՊԱԿ լրտեսության թանգարանը, հայտնում է «Կոմերսանտը»:

Վաճառքի կդրվի ավելի քան 400 լոտ, ինչպես, օրինակ, գաղտնի օպերատիվ խցիկներ, Մորզեի այբուբենի մեքենաներ, ծածուկ ձայնագրող սարքեր, շրթներկի պատյանի ձեւով ատրճանակ, հովանոց-ներարկիչի ճշգրիտ պատճեն, որը ենթադրաբար օգտագործվել է բուլղարացի այլախոհ Գեորգի Մարկովի սպանության համար, գաղտնալսման սարքեր, փաստաթղթեր եւ շատ այլ իրեր:

Դրանից բացի, աճուրդի կդրվեն լոտեր, որոնք կապված են Կուբայի եւ 1960-ական թվականների կուբայական հրթիռային ճգնաժամի հետ: Լոտերի թվում կլինի Չե Գեւարայի դպրոցական հաշվառման մետաղանիշը, Ֆիդել Կաստրոյի 1958 թվականին ստորագրած նամակը, որում քննարկվում են Հավանա թափանցելու ծրագրերը, կապիտան Ուիլյամ Ռոդերիկ Շտաբուին հանձնված շնորհանդեսային թուրը, որը մարտնչել է Կուբայում, Հավանայում 1915 եւ 1917 թվականներին Coca-Cola Company առեւտրային մակնիշի գրանցման մասին պաշտոնական փաստաթղթերը, ինչպես նաեւ  օրիգինալ հին արծաթա-դեղնավուն լուսանկարները, որոնք ցույց են տալիս Coca-Cola-ի գովազդը եւ Կուբայում ապրանքանիշի հետ կապված իրադարձությունները: