Բարձրագույն կրթության ոլորտում նորամուծությունների շարքում կլինի նաեւ անցումը եռաստիճան որակավորման համակարգին` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում դեռ գործում է գիտական աստիճանների երկաստիճան համակարգը: Այս մասին փետրվարի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նախարարը նշեց, որ ասպիրանտուրան որպես առանձին ստրուկտուրա կգործի: «Նախատեսվում է աստիճանաբար փոխել ասպիրանտուրայի աստիճանը, գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը` ներառելով այն որպես կրթության երրորդ աստիճան` դոկտորի աստիճան բուհում, որը միջազգային կրթական համակարգում համապատասխանում է PhD աստիճանին: (Այսինքն, ասպիրանտուրան ավարտած եւ դիսերտացիա պաշտպանած ուսանողը, ինչպես Եվրոպայում, կկարողանա դոկտորի աստիճան ստանալ): Կրթությունը կարող է տրամադրվել համալսարանի կողմից դրա կազմում գործող հաստատության շրջանակներում` մասնագիտական բազայի հիման վրա կամ դրա սահմաններից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համագործակցությամբ»,- պարզաբանեց Դումանյանը:
Ըստ նրա` նաեւ բուհում լրիվ կամ մասնակի ծանրաբեռնվածությամբ ուսման անցնելու հնարավորություն է նախատեսված: Փոփոխություններն ամբողջությամբ պետք է ուժի մեջ մտնեն միայն 2023 թվականին:
Նախարարը նշեց, որ այժմ ուսուցումն իրականացվում է առկա եւ հեռակա կարգով, իսկ օրինագիծն ուսանողներին լրիվ կամ մասնակի ծանրաբեռնվածությամբ ուսուցում է առաջարկում, ինչը նրանց թույլ է տալիս կարգավորել ուսուցման ինտենսիվությունն ու ծանրաբեռնվածությունը` կախված նրանց հմտություններից, զբաղվածությունից եւ ֆինանսական հնարավորություններից: Նաեւ ուսանողների ավելի լայն մասնակցություն է ապահովված ուսումնական գործընթացի կազմակերպմանը:
Բացի այդ, համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն է նախատեսված, ինչն օրենքը դեռ չի կարգավորում, եւ դա, ըստ հեղինակների, կբարելավի կրթության մակարդակն ու որակը: «Նախատեսված է, որ բուհերը կարող են համատեղ կրթական ծրագրեր մշակել եւ իրականացնել եւ գիտական աստիճան տալ, որը վավերացվում է միասնական դիպլոմով կամ դիպլոմներով ծրագրի յուրաքանչյուր մասնակից բուհի կողմից»,- եզրափակեց նախարարը:





























